Փոդքասթ

Podcast․ Որոնք են անձնագրային բաժանմունքներում հերթերի պատճառները. պարզաբանում են ոլորտի պատասխանատուները

7 րոպեի ընթերցում

Podcast․ Որոնք են անձնագրային բաժանմունքներում հերթերի պատճառները. պարզաբանում են ոլորտի պատասխանատուները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության համար նորություն է հանդիսանում ինչպես հենց Ներքին գործերի նախարարության, այնպես էլ վերջինիս կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը։ Քաղաքացու կյանքում այդ ծառայության ստեղծումն արդեն իսկ բարեփոխում է, սակայն դեռ վաղ է խոսել այն մասին, որ ոլորտում իրականացվող փոփոխությունները հստակ տեսանելի են հասարակության համար, քանի որ բարեփոխումները բավականին խորքային են և երկար ժամանակ են պահանջում։ 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Նելլի Դավթյանն ու Մարիամ Գևորգյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել են ՆԳՆ կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման, ոլորտում իրականացված բարեփոխումների, ծառայությունների որակի բարձրացման, մարտահրավերների, անձնագրային բաժիններում գոյություն ունեցող հերթերի, դրանց կարգավորման և ընդհանրապես քաղաքացիների կողմից բարձրացվող ամենասուր հարցերի և խնդիրների վերաբերյալ։

Ինչ բարեփոխումներ են իրականացվել միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում ՆԳՆ-ի ձևավորումից հետո 

Նելլի Դավթյանը հիշեցրեց, որ ՆԳՆ կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման մասին որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարին՝ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ, որից հետո մեկնարկել են նոր կանոնադրության և կառուցվածքի ձևավորման, աշխատակազմի վերապատրաստման և նշանակումների աշխատանքները։  

«Ներքին գործերի նախարարությունն, ինքնին, նոր ստեղծված մարմին է մեր երկրում, որը 1,5 տարվա պատմություն ունի։ Ինչո՞վ է սա բարեփոխում՝ բարեփոխում է միգրացիայի կառավարման իմաստով, որովհետև ոլորտում տասնյակ տարիներ շարունակ մենք ունեինք ցրված գործառույթներ, և առողջ տրամաբանության տեսանկյունից՝ միգրացիայի կառավարման իմաստով, նորմալ չէր, որ օրինակ՝ աշխատանքային կացության հիմքով կացության կարգավիճակի տրամադրումն անում էր մեկ այլ մարմին, իսկ ուսման հիմքով՝ մեկ այլ մարմին»,-իր խոսքում նշեց Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ միգրացիայի կառավարումն այն մասին է, որ միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչները ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ դրա իրականացման իմաստով պետք է կենտրոնացված լինեն մի կետում։ 

Նա ասաց, որ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «անձնագրային և վիզաների վարչություն» անվանումը նոր ձևավորված կառույցի անվանման մեջ տեղ չի գտել, ինչն ի ցույց է դնում ոլորտի կառավարման նկատմամբ նոր վերաբերմունքը։

Նա վստահեցրեց, որ ծառայության մատուցման որակի նկատմամբ իրականացվում են լուրջ աշխատանքներ՝ նպատակ ունենալով խուսափել նախկինում եղած բացասական բարքերից։ 

Անձնագրային ծառայության ոլորտի կարևոր բարեփոխումներից է աշխատակիցների ընդունման ընթացակարգի փոփոխությունը

ՆԳՆ ՄՔԾ պետի տեղակալ Մարիամ Գևորգյանն, անդրադառնալով անձնագրային ծառայության ոլորտում ծառայության մատուցման որակին, ի հայտ եկող մարտահրավերներին և դրանց կարգավորումներին, վստահեցրեց, որ, օրինակ, եթե նախկինում աշխատանքի էին ընդունվում ծանոթի կամ բարեկամի միջոցով, ապա հիմա քաղաքացիական ծառայության համակարգում նման ձևով հնարավոր չէ աշխատանքի ընդունվել։ Այն անձն, ով ցանկանում է ծառայությունում պաշտոն զբաղեցնել, պետք է անցնի որոշակի ընթացակարգեր, ինչի հետո էլ կնշանակվի համապատասխան պաշտոնի։

«Այդ ընթացակարգերն անցնելու համար նա պետք է ունենա գիտելիքների որոշակի պաշար, կարողանա հաղթահարել քննությունները, որի արդյունքում կնշանակվի պաշտոնի։ Դա արդեն առաջընթաց է այնքանով, որ նոր ծառայությունում պաշտոնի կնշանակվեն այն անձինք, որոնք քիչ թե շատ պատկերացում են կազմում համակարգի, պահանջների մասին, պատկերացնում են, թե ի՞նչ է իրենցից ակնկալվում, այլ ոչ թե աշխատանքի են ընդունվում ծանոթի կամ բարեկամի միջոցով», - նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ այս ամենը, բնականաբար, բարձրացնում է նաև սպասարկման որակը, ինչը ևս շատ կարևոր բարեփոխում է։ 

Այդուհանդերձ, Մարիամ Գևորգյանը նկատեց, որ աշխատավարձի ցածր լինելու հանգամանքը փոքր-ինչ ազդում է պահանջարկի և որակի վրա, սակայն աշխատանքի դիմող մարդն արդեն իսկ գիտի դրա մասին և տեղյակ է առաջարկվող աշխատանքային պայմանների մասին։

«Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման որակին, մենք վերջին երկու տարվա ընթացքում անցկացնում ենք վերապատրաստումներ։ Նախկինում նման հնարավորություններ գրեթե չեն եղել», - ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ դրանք անձնակազմի որակի և կարողությունների զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում։

Որո՞նք են անձնագրային բաժանմունքներում առկա հերթերի պատճառները և ի՞նչ քայլեր են արվել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ 

Անդրադառնալով անձնագրային բաժանմունքներում առկա խնդիրներին, հերթերին, այս համատեքստում քաղաքացիների կողմից հնչեցվող բողոքներին և դրանց կարգավորումներին՝ Մարիամ Գևորգյանը նշեց․ 

«Ուզում եմ շեշտել, որ ամռան ամիսներին մշտապես հերթերը շատ են եղել։ Միակ տարին, որի ընթացքում հերթ չի գոյացել, 2020 թվականն էր, երբ բռնկվել էր կորոնավիրուսի համավարակը։ Ոստիկանապետի հրամանով մշտապես հունիս-հուլիս ամիսներին անձնագրային ծառայություններն աշխատել են նաև շաբաթ օրերին, որպեսզի հերթերը կարողանան կարգավորել։ Վերջին տարիներին, կապված այն հանգամանքի հետ, որ բավականին էժան գներով կարելի է տոմսեր ձեռք բերել, ավելացել է նաև Հայաստանից դուրս եկողների քանակը, ինչը, բնականաբար, ազդել է նաև հերթերի վրա։ Եթե նախկինում հերթը գոյանում էր հիմնականում այն դեպքում, երբ մեր հայրենակիցները դրսից գալիս էին Հայաստան և փոխանակում էին իրենց փաստաթղթերը, հիմա նաև Հայաստանից գնալու հնարավորությունն է մեծացել, ինչի արդյունքում տարիների ընթացքում կրկնակի ավելացել է անձնագիր ստանալու պահանջը»։

Նա նաև հավելեց, որ այդ հերթերի կարգավորման նպատակով է, որ որոշում է կայացվել հրաժարվել երկրից դուրս գալու համար նախկինում պարտադիր ուժ ունեցող ելքի կնիքից, սակայն դրան զուգահեռ ծառայության համար առաջ եկան նաև այլ մարտահրավերներ, որոնցից է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, որը չկանխատեսված երևույթ էր․ այդ ամբողջ աշխատանքներն իրականացվել են նույն ռեսուրսներով՝ առանց հավելյալ օգնության։

Մանրամասների համար կարող եք լսել ամբողջական Podcast-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում