Podcast-Գիտության շաբաթ. Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ենք. Ֆիզիկոս Հայկ Սարգսյանը պատմում է քվանտային մեխանիկայի մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քվանտային մեխանիկան ժամանակակից ֆիզիկայի ամենաճշգրիտ ու գիտափորձերով հաստատված գիտական տեսությունն է: Իր հարյուրամյա պատմության ընթացքում այն ստուգվել է հազարավոր տարատեսակ գիտափորձերի ընթացքում, քվանտային մեխանիկայի եզրակացությունների շնորհիվ գոյություն ունի ներկայիս տեխնոլոգիական աշխարհն իր համակարգիչներով, ինտերնետ կապով, ճշգրիտ սարքավորումներով: Մյուս կողմից, աշխարհի մասին այս բացառիկ վկայությունը փիլիսոփայական տեսանկյունից լրիվ հակասում է մեր առօրյա ինտուիցիային. քվանտային մեխանիկան ծայրահեղ տարօրինակ է: Այստեղ մասնիկները կարող են գտնվել միաժամանակ մի քանի վայրում, միմյանց հետ կապվել ակնթարթորեն, անցնել պատերի միջով և այլն: Վեճերն այն մասին, թե ինչ է իրականում պատմում այս գիտությունն աշխարհի մասին, շարունակվում են մինչ օրս:
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է ֆիզիկոս Հայկ Սարգսյանը: