ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 13:59-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: