Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ, և միջոցառմանը մասնակցել է 25 կին՝ Շիրակի մարզից:

Հաղորդվում է, որ միջոցառման նպատակն է եղել բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ 

«Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ։ Այն կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում: Ավելին, կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, և «փոքր» գործերի միջոցով փորձել մարդկանց կյանքում իրական փոփոխություններ մտցնել: Ամենակարևոր գաղափարներից մեկը, որ սովորել եմ կյանքում, այն է, որ պետք չէ կառչել արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի», - իր ելույթում ասել է Անահիտ Մանասյանը:

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում