Թայվանում թայֆունը 3 մարդու կյանք է խլել, խորտակված բեռնանավի անձնակազմի անդամներն անհետ կորած են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանի հյուսիսին պատուհասած «Գաեմի» թայֆունն առնվազն 3 մարդու կյանք է խլել, առաջացրել է հեղեղումներ և բեռնանավի խորտակման պատճառ է դարձել, որից հետո Թայվանի նեղուցով շարժվել է դեպի մայրցամաքային Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Գաեմի»-ն վերջին 8 տարվա ընթացքում Թայվանում մոլեգնող ամենաուժգին թայֆունն է, որի քամիների արագությունը հասել է ժամում 227 կմ-ի։ 

Ըստ տեղի իշխանությունների՝ առնվազն 3 մարդ զոհվել է, 380 մարդ՝ վիրավորվել։ Հեղեղվել են փողոցներ։ Թայֆունի պատճառով կղզում վնասվել են էլեկտրալարերը՝ կես միլիոն տներում հոսանքազրումներ առաջացնելով։

Թայվանի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Տանզանիայի դրոշի տակ նավարկող մի բեռնանավ, որի տախտակամածին եղել են Մյանմայի 9 քաղաքացիներ, խորտակվել է։ Նավի անձնակազմից որևէ տեղեկություն չկա։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

Թայվանում արդեն երկու օր է՝ փակ են գրասենյակները և դպրոցները։ Հուլիսի 25-ին չեղարկվել են բոլոր ներքին թռիչքները և 195 միջազգային թռիչք, իսկ գնացքների աշխատանքը դադարեցվել է մինչև տեղի ժամանակով ժամը 15։00-ը։ 

Չինաստանի Ֆուցզյանի նահանգում, ուր շարժվել է թայֆունը, նախապատրաստվել են հորդառատ անձրևների և հեղեղումների։ Նահանգի իշխանություններն այլ վայրեր են տեղափոխել մոտ 150 000 մարդու, հիմնականում՝ ափամերձ ձկնորսական համայնքներից։ Ֆուցզյանի և Չժեցյանի նահանգներում չվերթերի մեծ մասը չեղարկվել է։ 

Պեկինում ևս հորդառատ անձրևներ են տեղացել, տարհանվել է ավելի քան 25 000 մարդ։ 

Նախքան Թայվան շարժվելը «Գաեմի» թայֆունը մոլեգնել էր Ֆիլիպիններում։ Մայրաքաղաք Մանիլայում փողոցների մեծ մասը հուլիսի 25-ին դեռ մնում է ջրի տակ։ Թայֆունն առաջացրել է հեղեղումներ և սողանքներ՝ դառնալով 22 մարդու մահվան պատճառ։ 

Հայերեն Français

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել