ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն հուլիսի 20-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» մակնիշի բեռնատարը, «Kia» և «Honda» (վարորդ՝ Է. Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Է. Մ.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է տարբեր բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Է. Մ.-ի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։