Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

4 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն են, և այս ուղղությամբ պետությունը շարժվում է արդեն մի քանի տարի՝ չնայած այն հանգամանքին, որ մարտահրավերներն ու խնդիրները բազմաթիվ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նման կարծիք հայտնեց «2024-2026 թթ.-ի Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների» հանրային քննարկման ընթացքում՝ հստակեցնելով, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթը տալիս է այն հարցերի պատասխանը, թե ի վերջո այդ բարեփոխումներում ե՞րբ է ավարտվելու ինստիտուցիոնալ մասը և ի՞նչ արդյունքներ են գրանցվել մինչև հիմա։

Ներքին գործերի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար և հույս հայտնեց, որ քննարկումը կլինի արդյունավետ։

«Մինչև նախագծային այս փուլին հասնելը մենք այս ոլորտում իրականացրել ենք նախադեպը չունեցող գործընթաց։ Ֆոկուս խմբային քննարկումներով նախ վերլուծել ենք այն բոլոր նվաճումները, որոնք ունեցել ենք այս ոլորտում, ազնվորեն արձանագրել ենք այն բոլոր խնդիրները, որոնք դեռևս ունենք այս ոլորտում և միասին հասցեագրել ենք խնդիրները։ Ֆոկուս խմբային քննարկումների շրջանակներում մենք առանձնացրել ենք թե կոռուպցիայի դեմ պայքարի, թե բարեվարքության, թե վատ վերաբերմունքի դեպքերի ինստիտուցիոնալ արձանագրման մեխանիզմի բացակայության և նաև այլ ոլորտներում դեռևս կատարման ենթակա քայլերի մասին», - քննարկման բացման խոսքում նշեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այդ կոնսենսուսային քննարկման արդյունքում է ձևավորվել 2024-2026 թթ.-ի ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարական ծրագիրը։

ՆԳ նախարարի տեղակալը շեշտեց, որ նախարարությունը վճռորոշ կամք ունի շարունակել բարեփոխումների իրականացման իր հանձնառությունը, և անկախ նրանից, թե տարբեր մարտահրավերներն ինչպիսի խոչընդոտ են հանդիսացել այդ ճանապարհին՝ ինչպես ժամկետային, այնպես էլ բովանդակային առումով ապահովելու նախանշած ուղղությունները։ 

«Շատ կարևոր է այն, որ մենք հասցրել ենք մի քանի ուղղությամբ կարևոր նվաճումներ ապահովել, որոնք լավ հենք են՝ տարածելու փորձառությունն ամբողջ ոստիկանության համակարգում և ապահովելու սահուն կերպով մնացյալ ուղղությունների ավելի հարթ իրականացումը պրակտիկայում», - ասաց Արփինե Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ոստիկանության համար և ոստիկանության կողմից ծախսվող ռեսուրսները գտնվում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի վերահսկման ներքո։

«Սա շատ կարևոր ինստիտուցիոնալ նվաճում է այս ոլորտի փոփոխությունների համար, ինչը թույլ կտա էլ ավելի թափանցիկ և էլ ավելի հաշվետու ձևաչափով, օգտագործելով Կառավարություն-ԱԺ բոլոր գործիքակազմերը՝ հարցուպատասխան, Կառավարության ծրագրի կատարողական, բյուջեի կատարողական և այլն, ավելի բաց խոսել այն բոլոր քայլերի մասին, որոնք իրագործվել են և նաև ընդունել այն բոլոր խնդիրները, որոնք դեռ պետք է հասցեագրվեն և լուծվեն», - նշեց ՆԳ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերված աջակցության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում