ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն բացվել է Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ և Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ (МИР) հիմնադրամի մարդասիրական ծրագրերի իրականացման շրջանակում։
2023 թվականի դեկտեմբերին Գյումրիում անցկացվել էր երիտասարդ առաջնորդների համաժողով, որի հաղթողն էր Արմավիրի թիմը, որն առաջարկել էր նման կենտրոն ստեղծելու գաղափար։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, պետական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի բնակիչներ։ Ալոյանը շնորհակալություն է հայտնել НИИРК-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդմանն ուղղված հիմնադրամի մարդասիրական ծրագրերին աջակցելու համար և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնել։
Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը շնորհավորել է բնակավայրի բնակիչներին։ Լուկաշին համայնքի ղեկավար Գևորգ Զեյնալյանը նույնպես նշել է նոր կենտրոնի կարևորությունը տեղի բնակչության համար։ «Վստահ եմ, որ «Նոր գույներ» կենտրոնը կդառնա մատաղ սերնդի մշակութային փոխանակման և կրթական գործունեության առանցքային օղակը՝ նպաստելով Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխըմբռնմանը, հարգանքին և բարեկամությանը»,-ասել է նա։
Կենտրոնը նախատեսում է կազմակերպել միջոցառումներ, որոնք կդառնան վառ իրադարձություններ ոչ միայն Լուկաշին գյուղի, այլև ողջ տարածաշրջանի մշակութային կյանքում։ Երեխաներն այստեղ կզբաղվեն արվեստով, կսովորեն պատմություն և գրականություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։