Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 16-ին հանդիպել է Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի կառավարիչ (մարզպետ) Ապոստոլոս Ձիձիկոստասի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանը, մարզային դիվանագիտության հնարավորությունների օգտագործմանը, համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։
«Դեսպանը նշեց, որ նման համագործակցությունը կարող է իրականանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ գործիքակազմերի կիրառմամբ՝ հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ներկայիս աննախադեպ բարձր մակարդակը։
Ապոստոլոս Ձիձիկոստասն իր հերթին ողջունեց միջմարզային դիվանագիտության զարգացման հեռանկարը և խոստացավ առաջիկայում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ երկկողմ տնտեսական հարաբերությունները և միջմարզային համագործակցությունը խթանելուն ուղղված հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըսդտ աղբյուրի՝ Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը Հունաստանի համար ունի մեծ կարևորություն։ Միաժամանակ նա ընդգծել է դարեր ի վեր Հունաստանի հասարակական-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում հայերի ունեցած դերի մասին։