Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԿԽԸ-ն (Հայկական կարմիր խաչի ընկերությունը) և Հունգարիայի կառավարությունը օրեր առաջ ստորագրեցին  հուշագիր, որի համաձայն 500 000 եվրո աջակցություն կտրամադրվի  ԼՂՀ-ից  բռնի տեղահանվածների կենսապահովման պայմանները բարելավելու համար։ 

ՀԿԽԸ լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը «Արմենպրես» փոդքասթի շրջանակում  ամփոփեց անցնող ամիսներին կատարված աշխատանքները և ներկայացրեց ներկայիս ծրագրերը: «ՀԿԽԸ-ն մշտապես լինելով պետությանը օժանդակող կառույց, չի կարող անմասն մնալ  երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության հանդեպ, հատկապես երբ առաջնային է մարդու կյանքը։ ՀԿԽԸ-ն այս ընթացքում մեծ ներգործություն է ունեցել ԼՂՀ-ից  բռնի տեղահանվածների կենսաապահովման պայմաններն  ավելի լավը դարձնելու հարցում։ Մեր շահառուներից ոմանք մեր օգնությամբ արդեն ունեն  սեփական բիզնես, ոմանք ստացել են բիզնես կրթություն և ձեռք են բերել նոր մասնագիտություն։  Մեզ համար շատ կարևոր է,  բացի նյութական աջակցությունը, ցուցաբերել սոցիալ հոգեբանական աջակցություն, որպեսզի մարդիկ ինտեգրվեն, վերագտնեն   խաղաղություն,   մոտիվացվեն  և շարունակեն գործել նոր միջավայրում»,- նշեց Հովհաննեսյանը։ 

ՀԿԽԸ ուշադրությունից դուրս չի մնացել Հայաստանի մարզերում մայիս ամսին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից տուժածների խնդիրները։  

Մշակվում է  50000 ական դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։

«Աղետի առաջին իսկ օրից ՀԿԽԸ-ն մեծ աշխատանքային խմբով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնք, որտեղ միացել է այդ պահին գործող աշխատանքային խորհրդին, որը ղեկավարում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել  Սանոսյանը։ Համատեղ գործելով, կատարվել է կարիքի գնահատում և ավելի քան 250  կամավորից բաղկացած  մեր թիմով կատարել ենք կոմունիկացիաների վերականգնում, մարդկանց տեղաշարժի ապահովում  և առաջին անհրաժեշտության իրերի՝  սնունդ, հիգիենիկ պարագաների բաշխում։ Իսկ այս պահին տվյալների նույնականացման  և մշակման վերջին փուլում է , աղետի հետևանքով տուժած,  յուրաքանչյուր ընտանիքին կանխիկ 50000 ական դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու ծրագիրը»,- մանրամասնեց Հովհաննեսյանը։ 

Անդրադառնալով վերջերս Հունգարիայի կառավարության և ՀԿԽԸ միջև ստորագրված հուշագրին՝ նա մանրամասնեց․   «Հունգարիայի կառավարության հետ վերջերս սերտ համագործակցություն է ստեղծվել։ Բավականին  մեծ և երկարաժամկետ ծրագրերի առաջընթաց  կա՝ երկկողմ գործակցությունների հարցում։  Եվ այս ամենի արդյունքում  ՀԿԽԸ-ն և Հունգարիայի կառավարությունը վերջերս ստորագրեցին հուշագիր , որի համաձայն 500 000 եվրո աջակցություն է տրամադրվելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսապահովման պայմանները բարելավելուն։   Գումարի մի մասն էլ ուղղվելու է  ջրհեղեղից տուժած քաղաքացիներին,  նորից  նույն նշանակությամբ։  

Այս պահին ՀԿԽԸ-ն աշխատում է մի շարք ուղղություններով տարբեր գործընկերների  հետ, այդ թվում նոր գործընկերների, ովքեր իրենք են համագործակցության հայտ ներկայացրել, որն էլ  կարծում եմ վստահության ցուցիչ է»։ 

Տաթև Զաքարյան

Մանրամասները լսեք փոդքասթում։ 

Հայերեն