Եվրո-2024. Իսպանիան 12 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոնն է
1 րոպեի ընթերցում
![Եվրո-2024. Իսպանիան 12 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոնն է](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/15/xoNia4lzMd5GAQQXX64095CkkJEqPTeVeQftljQh.webp)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Իսպանիայի և Անգլիայի հավաքականները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իսպանիան դիրքային գրոհներով առավել շատ էր տիրում գնդակին: Անգլիայի գրոհներ էլ շատ սուր էին: Առաջին կեսում հավաքականներից և ոչ մեկին չհաջողվեց իրացնել իր պահը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկին Իսպանիան առաջ անցավ հաշվի մեջ: Ստանալով Յամալի փոխանցումը` Նիկո Վիլիամսը գրավեց Անգլիայի դարպասը: Հանդիպման 73-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Անգլիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Փալմերը:
Բաց թողած գնդակից հետո էլ Իսպանիան կարողանում էր վտանգավոր գրոհներ կազմակերպել և դրանցից մեկը դրական եզրափակում ունեցավ: Դիպուկությամբ աչքի ընկավ Օյարսաբալը:
Իսպանիա-Անգլիա`2:1:
Իսպանիան Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց 4-րդ անգամ: «Կարմիր Ֆուրիա»-ն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1964 թվականին, այնուհետ 2008 և 2012 թվականներին: