Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Tehran Times-ում հրապարակած «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդվածում հերքել է ԱՄՆ-ի և դաշնակիցների այն մեղադրանքները, թե Իրանի միջուկային ծրագիրը միտված է միջուկային զենքի ստեղծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել նկատի ունենալ այդ հանգամանքը սեփական քաղաքականությունը մշակելիս։

«Կցանկանայի ընդգծել, որ Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենքը։ Միացյալ Նահանգներին կոչ եմ անում դասեր քաղել անցյալի սխալներից և համապատասխան կերպով խմբագրել սեփական քաղաքականությունը»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հենց Միացյալ Նահանգներն են դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (JCPOA) և սահմանել արտատարածքային միակողմանի պատժամիջոցներ, որոնք, Մասուդ Փեզեշքիանի գնահատմամբ, հարյուր միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը։ 

«Միացյալ Նահանգները պետք է ընդունի իրականությունը և մեկընդմիշտ հասկանա, որ Իրանը չի արձագանքում և չի պատասխանելու ճնշումներին»,- ընդգծել է Փեզեշքիանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում