Մշակույթ

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

8 րոպեի ընթերցում

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխը, որ հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ, քսանմեկերորդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորը, որ Փարաջանովի դեսպանն է համարվում աշխարհում, հուլիսի 12-ին փառատոնի շրջանակում հանդիպեց երկրպագուների հետ։

Սինխը ծնվել է Հնդկաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ, որտեղ դիզայների կրթություն է ստացել։ «Ինձ պատմություն պատմելն ավելի է դուր գալիս, քան ֆիլմ նկարելը։ Ինձ համար միշտ առաջնային է եղել պատկերը, տեսապատկերը, և իմ աշխատանքը հենց դրանում է»,-ասաց Սինխը։

Անդրադառնալով իր The Fall (Անկում) կինոնկարին, որ ստեղծվել է 2006 թվականին, նա նշեց,  ցանկացել է այն լինի իր առաջին ֆիլմը, սակայն The Cell (Բջիջ) ֆիլմն ավելի վաղ է նկարել, և այն արագ է տարածվել։ «Եղել եմ 28 երկրում և իմ գլխում միշտ պտտվել է  ֆիլմի գաղափարը։ Իրագործմանը սպասել եմ վեց տարի։ Ցանկանում էի, որ այն իմ ճիշտ երեխան լինի։ Այն տարբերվում է իմ մյուս կինոնկարներից. շատ անձնական ֆիլմ է, որին խնամքով եմ վերաբերվել. նկարահանումների տարածքը, պատկերները շատ ուշադիր եմ ընտրել։ Ցանկանում էի զգալ ու փոխանցել ճիշտ մթնոլորտը։ Սկզբում չունեի սցենար, ունեի ուղեցույց, և ոչ մի արտադրող չէր ցանկանում ինձ սատարել սցենարի բացակայության պատճառով։ Ֆիլմի հետ ինձ թույլ եմ տվել անել ամեն սխալ բան, ինչի համար բոլոր պրոդյուսերներն ինձ ուղղակի կկախեին։ Սկզբում ընտրում էի հերոսներին, մտածում կերպարների մասին, նոր փորձում լուծել ֆինանսավորման հարցը։ Երբ այն ավարտին հասցրի, քննադատներն ատում էին կինոնկարը, ոչ ոք չէր ցանկանում անվճար որևէ բան անել ֆիլմի համար։ Սպասեցի ևս երկու տարի, ներդրումներ արեցի, և մարդիկ դիտեցին ֆիլմն ու քսան տարի անց վերանկարահանվելու է, շտկվելու է»,-պատմեց Սինխը և հավելեց՝ այն քննադատները, որոնք ֆիլմը չեն ընդունել, արդեն չկան, իսկ նոր սերունդն այլ աչքով է նայում իրերին։

«Անկում» ֆիլմի գլխավոր հերոսուհին վեցամյա աղջնակ է։ Սինխը կարծում է՝  բոլորին հնարավոր է բուլինգի ենթարկել, բայց ոչ երեխային, քանի որ իրականում երեխան է ասում, թե ինչ անել։ «Ես նրան պատմություններն էի պատմում, իրավիճակները։ Առավելություն է, երբ ստուդիայում չես նկարում, չունես հստակ օրակարգ։ Երբ հանդիպեցի երեխային, այդ ժամանակ որոշեցի, թե ինչ ենք անելու ու փորձեցի նկարել հաջորդական քայլերով։ Նրանից ընթացքում շատ բան եմ սովորել։ Ինձ համար առաջնային է հերոսների մասին հոգ տանելը, իսկ աղջնակն ամեն ինչ ճիշտ էր անում, ճիշտ պատասխաններ էր տալիս։ Այն, ինչ կարող էր նկարահանման ընթացքում խնդիր դառնալ, վերածվում էր առավելության»,-պատմեց ռեժիսորը, որին հաճելի է այն հանգամանքը, որ Հայաստանում շատերն են դիտել ֆիլմը։ Սինխը ֆիլմի հաջողության գրավական է համարում նաև երեխայի ակցենտն ու նշում՝ ամերիկացիներն ամեն բան ուղիղ են սիրում, ուստի չէին հարմարվում այդ ակցենտին, իսկ աշխարհն այն ընդունեց։

Ֆիլմում հնչում է Բեթհովենի երաժշտությունը, որը Սինխը կախարդական է համարում։ Շատ բան է փոփոխել կինոնկարում, կտրել են, խմբագրել, բայց երաժշտությանը չեն դիպչել։ «Մենք նկարել ենք երեխայի, բայց ցանկացել ենք ցույց տալ հասուն մարդու զգացածը։ Նայում ես նրան, բայց հասկանում ես ինքդ քեզ։ ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր հանդիսատեսն է այն դիտում, իսկ Բեռլինում 12 տարեկանից բարձր հանդիսատեսին այն մատուցեցին։ Չեմ կարծում, որ այն երեխաների համար է։ Իրականում տվյալ երկրից, նրա հասարակությունից, խնդիրներից է կախված»,-ասաց Տարսեմ Սինխը։

2000 թվականին մեծ էկրան է բարձրացել նրա կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ դրական են գնահատել հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։

Սինխի վերջին ֆիլմը՝ «Սիրելի Ջասի»-ն, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով Platform մրցանակին, հուլիսի 11-ին ցուցադրվեց Երևանում։ «Ամեն անգամ ֆիլմը նայելիս  մտածում եմ վերջաբանի մասին։ Այն կարող են տարբեր կերպ մեկնաբանել։ Շատերի համար այն դրական է, շատերի համար՝ բացասական»,-շեշտեց ռեժիսորը։

«Սիրելի Ջասի»-ն համեմատում են Ռոմեոյի և Ջուլիետի պատմության հետ։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն կա։ Սինխը չի կարծում, որ այն երբևէ Հնդկաստանում մեծ էկրան կբարձրանա, քանի որ տխուր ավարտ ունի։ 

Տարսեմ Սինխին Հայաստանում շատերը ճանաչեցին, ծանոթացան նրա արվեստին Լեդի Գագայի «911» տեսահոլովակից հետո, որում ակնհայտ է փարաջանովյան շունչը։ «Ինձ շատ են դուր գալիս Սերգեյ Փարաջանովի, Անդրեյ Տարկովսկու ոճերը։ Նրանք ինձ վրա մեծ ազդեցություն ունեն։ Լուսանկարիչները կասեն՝ երբ ցանկանում ես խորությունը ցույց տալ, պետք է դիմել Տարկովսկուն, իսկ Փարաջանովն անում է մի բան, որը լուսանկարիչները խորհուրդ չեն տա անել։ Նա արդեն գիտի այդ խորությունն  ու ցույց է տալիս դա։ Նա այնքան յուրահատուկ է։ Նրա բոլոր ֆիլմերն եմ դիտել, երբ ուսանող էի»-ընդգծեց ռեժիսորը։

Ըստ ռեժիսորի՝ եթե ցանկանում ես որևէ մեկից ինչ-որ բան գողանալ, նախ հավանիր դա, երբ վերցնես տեսախցիկը,  հավանածդ ես ցույց տալու։

Լեդի Գագայից բացի Տարսեմ Սինխը նկարահանել է R.E.M.-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good ստեղծագործությունների հոլովակները։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանն է ներկայացնում մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվում են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինխը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին, իրանցի ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել նրանց։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հայաստան

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում