ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբոսներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը եղել են հորդառատ անձրևները։
Ողջ մնացածներից մեկը BBC-ին հայտնել է, որ ավտոբուսը ճանապարհին էր մոտ մեկ ու կես ժամ, երբ մի քանի անգամ պտտվել է և ընկել գետը։ Նա և մյուս երկու ողջ մնացածները լողալով անցել են գետը, հասել մայրուղուն և կարողացել են ոստիկանություն զանգել մի վարորդի օգնությամբ։
Նեպալի վարչապետը պետական բոլոր վարչություններին կոչ է արել միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։
Մուսսոնային անձրևների սեզոնին, ըստ BBC-ի, բազմաթիվ մարդիկ են զոհվել, գլխավոր մայրուղիներն արգելափակվել են, իսկ մի շարք կամուրջներ փլուզվել են ափերից դուրս եկած գետերի պատճառով։