Տնտեսություն

Երբ հրապուրանքը դառնում է աշխատանք. մի բիզնեսի պատմություն

7 րոպեի ընթերցում

Երբ հրապուրանքը դառնում է աշխատանք. մի բիզնեսի պատմություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուրջ երեք տարի առաջ գործարարության հմտություններին առանձնապես չտիրապետող հայուհին նախաձեռնեց ու իրականացրեց իր համարձակ մտահղացումը, որն աստիճանաբար զարգանում ու ճանաչում է ձեռք բերում: Հասմիկ Մեհրաբյանը, հիմնվելով հարազատ պապիկի «մտավոր ժառանգությանը», ոչ միայն կերտում է իր ընտանիքի բարեկեցությունը, այլև փորձում է նպաստել հայրենակիցների առողջության ամրապնդմանը: Նրա՝ բացառապես բնական բաղադրիչներից պատրաստած քսուքներն ու սպեղանիներն արդեն պահանջված են դրանց հատկություններին ծանոթ, նման արտադրանքը նախընտրող ու գնահատող մարդկանց շրջանում: 

Հայկական շուկայում հետզհետե ուրույն նիշ գրավող Hasi nature ապրանքանիշի ստեղծման պատմությունը կարող է ուսանելի և ոգևորիչ լինել սեփական գործը հիմնել պատրաստվողների համար: 

Հրապուրանքից մինչև գաղափար և գործողություն 

Ամեն ինչ սկսվեց հայրենի բնաշխարհի, հատկապես՝ օգտակար հատկություններով օժտված բույսերի նկատմամբ Հասմիկի հետաքրքրվածությունից: Ամենայն հավանականությամբ, դրան նպաստել է ժառանգական գործոնը. բույսերի, ավելի ճիշտ՝ դեղաբույսերի նկատմամբ հատուկ ուշադրությունը մեր հերոսուհուն, կարելի է ասել, փոխանցվել է պապից: Հասմիկին շատ էին հետաքրքրում իր նախնու գրառումներն ու ուսումնասիրությունները: 

«Ի վերջո, եկավ այն պահը, երբ որոշեցի գործի անցնել ու սկսեցի որոշ թուրմեր պատրաստել։ Նորից աչքի անցկացրեցի պապիկիս գրառումները, հավաքեցի անհրաժեշտ դեղաբույսերը, ձեռք բերեցի մեղվամթերք ու անցա գործի։ Եվ տեղի ունեցավ կախարդանքի նման մի բան. թղթին հանձնված մտքերը փորձարկումների արդյունքում աստիճանաբար նյութական տեսք ստացան: Այդպես, միմյանց խառնելով նշված բաղադրիչները, ավելացնելով և պակասեցնելով դրանց չափաքանակը՝ վերջապես ստացա իմ առաջին բուժամիջոցը։ Անկեղծ ասած՝ սկզբում նույնիսկ չէի պատկերացնում, որ ամեն ինչ նման լուրջ ընթացք կստանա: Մարդկանց օգտակար լինելու ձգտումս ավելի ամրապնդվեց, երբ մի առիթով ստիպված եղա զբաղվել սեփական առողջության վերականգնմամբ: Իսկ 2021 թվականից շուկա մտանք Hasi nature ապրանքանիշով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Հասմիկը՝ շարունակելով համակ ուշադրությամբ փորձանոթում ավելացնել ու մանրակրկիտ իրար խառնել Շիրակի դաշտից բերված բույսերի երփներանգ սերմերը:

Մի փոքր գաղտնիք

Ընտանեկան այս ձեռնարկի հաջողության գրավականը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գործունեությանը համահունչ անունով երիտասարդ կինը բաղադրիչներից բացի նաև հոգի և ջերմություն է ավելացնում իր ստեղծած արտադրանքին: Նախընտրում է բացառապես ինքնուրույն հայթայթել պահանջվող հումքը: Ընդ որում՝ այստեղ էլ կան որոշակի նրբություններ: Մեղվամթերքը ձեռք է բերում միայն ծանոթ և փորձված մեղվապահներից: Դե իսկ դեղաբույսերը միմիայն իր ձեռքերով է հավաքում՝ վայրի բնությունից: Նշվում է, որ դրանք անպայման պետք է լինեն ճանապարհներից և բնակավայրերից հեռու։ Դա, ինչպես նաև  բույսերը պաշարելու ժամանակահատվածը, դրանց հետագա մշակումը և պահպանումը, շատ կարևոր է: Մինչդեռ, որոշ բույսեր պետք է հավաքել միայն վաղ առավոտյան, իսկ ուրիշները՝ մայրամուտից հետո:  

Առաջինը միշտ յուրահատուկ է

Hasi nature-ը շուկայի յուրացումը սկսեց ակնամոմի քսուքի արտադրանքով, որը, ինչպես նշեց Հասմիկը, դրական ազդեցություն է թողնում արթրիտի, արթրոզի, վարիկոզի, դիսհիդրոզի, ռևմատիկ, մկանային ցավերի, ոտքերի ծանրության, օսթեոխոնդրոզի դեպքում: Օգտվողների անհավանական ջերմ արձագանքը ոգևորեց ու դրդեց առաջ շարժվել նոր շնչով ու գաղափարներով: 

Նոր նշաձող՝ նոր հեռանկարներ

«Ոգևորվելով առաջին հաջողությունից՝ որոշեցի նաև դեմքի համար տարբեր քսուքներ պատրաստել։ Ցանկանում էի ամբողջովին բնական հումքից պատրաստված խնամքի միջոց ստեղծել, քանի որ նման արտադրանքի նկատելի պակաս կար հայկական շուկայում, իսկ եղածներն էլ վաճառվում էին հիրավի աստղաբաշխական գներով: Այդ խնդիրը նույնպես կարողացանք լուծել: Դեմքի համար նախատեսված մեր քսուքները ամբողջովին բնական են (առանց որևէ քիմիայի) և հիանալի վերականգնում, խոնավեցնում, սնուցում և միատոն են դարձնում մաշկը, վերացնում են միմիկայի կնճիռները, կրճատում՝ խորը կնճիռները, վերացնում աչքերի տակի մուգ շրջանակները, պիգմենտային բծերը և այլն»,- ներկայացրեց Հասմիկ Մեհրաբյանը։ 

Նրա ստեղծած ընկերությունն արդեն ավելի քան 20 տեսակի բնական վերականգնող միջոցներ է առաջարկում սպառողին: Դրանք նախատեսված են դեմքի, մազերի, ոտքերի և մարմնի խնամքի համար: 

Առաջարկվում է նաև ոտնաթաթի խնամքի համար նախատեսված հակասնկային քսուք, այրվածքների բուժմանը նպաստող քսուքներ (կիրառվում են 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքների դեպքում), շուրթերի բալզամ և այլն:

«Այժմ փորձում եմ ստեղծել մի քսուք, որը նույնպես կօգնի վերականգնել մարդկանց առողջությունը»,- առանց չակերտները բացելու նշեց Հասմիկը: Հետաքրքրե՞ց:  

Ո՞րն է առանձնահատկությունը

Իսկ ինչո՞վ է Հասմիկի ստեղծածն առանձնանում մյուս ընկերությունների, հատկապես՝ արտասահմանյանների արտադրանքից: «Դեղաբույսերից, մեղվամթերքից, չզտված յուղերից բացի օգտագործում ենք նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում աճող բուսատեսակների համախմբից պատրաստված հատուկ լուծույթներ։ Եվ այդ ամենը պատրաստվում է մեր գերդաստանի արդեն 3-րդ սերնդին փոխանցված բաղադրատոմսերով»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:  

Որքանո՞վ է այդ ամենն անվտանգ 

Այդ կարևոր հարցը բոլորին է հետաքրքրում: Հասմիկը նշում է, որ համագործակցում են բժիշկ-կոսմետոլոգների հետ, իսկ արտադրանքը անցել է լաբորատոր հետազոտություն և սերտիֆիկացվել է։ 

Հաջողության բանաձևը

Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ հրապուրանքը վերածվում է աշխատանքի, եկամուտ ապահովող զբաղմունքի: Թերևս, դա խիստ անհատական է: Իսկ սեփական գործ ձեռնարկել պատրաստվողներին Հասմիկ Մեհրաբյանն առաջարկում է չերկնչել դժվարություններից ու վճռականորեն իրականացնել մտահղացումը: «Հաջողությունը աշխատասիրության և պարտաճանաչության համադրությունն է»,- իր բանաձևն այդպես ձևակերպեց նա: 

Հրայր Նազարյան   

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում