ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում, հավանաբար, քչերն են լսել չինական գարեջրի և գինու մասին։ Չինաստանը, սակայն, տեխնոլոգիական աներևակայելի առաջընթացին զուգահեռ քայլեր է ձեռնարկում նաև իր արտադրած ալկոհոլային խմիչքներն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
Չինական Tsingtao գարեջուրն արդեն իսկ հասցրել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել և «գերել» գարեջրասերների սրտերն աշխարհի բազմաթիվ երկրներում։
Գինեգործությունը զարգացնելու ուղղությամբ ևս Չինաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում, ինչի վառ օրինակն են Qingdao Huadong Winery ընկերության գինիները։
Հայաստանում Չինաստանի դեսպանության հրավերով Չինաստան այցելած լրագրողների և բլոգերների խումբը շրջայց է կատարել Ցինդաո քաղաքի գարեջրի և գինու գործարաններում, ծանոթացել դրանց պատմությանն ու համտեսել նրանց արտադրած խմիչքները։
1897 թվականին Գերմանիան օկուպացրել է Ցինդաո քաղաքը, իսկ Tsingtao գարեջրի գործարանը 1903 թվականին հիմնադրել են գերմանացի և բրիտանացի վաճառականները։ 1945 թվականի օգոստոսին Չինաստանը հաղթել է դիմադրության պատերազմն ընդդեմ ճապոնական ագրեսիայի, ինչից հետո Dai-Nippon Beer Company Tsingtao workshop գործարանն անցել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության պատվիրակության վերահսկողության տակ և վերանվանվել Tsingtao Brewery։
Գործարանը տարեկան 18 միլիարդ շիշ գարեջուր է արտադրում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է բազմաթիվ երկրներ, որոնցից են Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ղազախստանը և այլն։
Այս գարեջրի նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար մեծ կլինի նաև Հայաստանում։ Ընկերության պլաններում կա նաև իրենց արտադրանքը Հայաստան արտահանելը, ժամկետների մասին հստակություն, սակայն, դեռևս չկա։
Ինչ վերաբերում է գինիների արտադրությամբ զբաղվող Qingdao Huadong Winery ընկերությանը, այն հիմնադրվել է 1985 թվականին։ Հիմնադիրը բրիտանացի Միշել Փերին է, ով առաջին անգամ Չինաստանում հիմնադրել է առաջին եվրոպական ոճով խաղողի այգիները՝ երեք տարվա մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։
Qingdao Huadong Winery-ի ղեկավարները նշում են, որ գինին աստիճանաբար սկսում է մասսայականություն վայելել Չինաստանում, ընկերության արտադրանքը բավականին լավ տեմպերով վաճառվում է Չինաստանի տարբեր հատվածներում։ Թեև ընկերությունը հիմնականում կենտրոնացած է չինական շուկայի վրա, սակայն պլաններում կա իրենց գինին նաև աշխարհի համար ճանաչելի դարձնելը։
Մինչ ընկերության արտադրամաս այցելելը, չինական գինու մասին երբեք չէի լսել, սակայն նրանց արտադրանքը փորձարկելուց հետո հասկացա, որ գինեգործության ոլորտում էլ չինացիներն իրենց ասելիքն ունեն։ Բացի գինուց, ընկերությունը նաև վիսկի է արտադրում։
Շանթ Խլղաթյան