Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

12 րոպեի ընթերցում

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արևային էներգետիկայի ոլորտում հայկական լավագույն փորձը Shtigen Group-ը կհասցնի Վրաստանի շուկա: Ընկերությունն ավելի քան 10 տարի է, ինչ գործունեություն է ծավալում արևային էներգետիկայի ոլորտում: Ի սկզբանե զբաղվել է ջերմային էներգետիկայով՝ արևային ջրատաքացուցիչներով, ավելի ուշ՝ նաև արևային էլեկտրաէներգետիկայով ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ: Shtigen Energy Systems-ը մաս է կազմում Shtigen Group–ի: Այն միավորում է մի շարք ընկերությունների: Ընկերությունների խմբում է նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող Andron–ը, այն ներմուծում, վաճառում է էլեկտրական մեքենաներ, զբաղվում է ավտոմեքենաների սպասարկմամբ, ունի նաև հեռանկարային պլաններ՝ զբաղվել էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանցի ձևավորմամբ: Shtigen Group-ի մաս կազմող Enerex ընկերությունը զբաղվում է էլեկտրական էներգիայի մեծածախ ու մանրածախ առուվաճառքով: Իսկ Shtigen Ventures-ի հիմնական նպատակը մասնավոր ներդրումների ներգրավումն է՝ ինչպես Shtigen–ի նախագծերի, այնպես էլ վերոնշյալ ոլորտներում այլ հետաքրքիր նախագծերի ֆինանսավորման նպատակով: «Արմենպրես»-ը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացման, ոլորտում հայկական փորձն ու գիտելիքը Վրաստան արտահանելու և այլ թեմաների մասին զրուցել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ: 

Shtigen-ն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը

Shtigen-ում անգամ չեն մտածում Հայաստանից տեղափոխվելու մասին, թիվ մեկ գործունեության վայրը համարում են Հայաստանը, թիվ մեկ լուծվելիք խնդիրներն էլ Հայաստանում են: Այնուամենայնիվ, աճը ենթադրում է նաև նոր հնարավորությունների, նոր դաշտի փնտրտուք: Այսպիսով, որոշել են ոլորտում հայկական փորձը տանել նաև վրացական շուկա: 

«Մեր գիտելիքն ու փորձն այնտեղ կիրառելը շատ մեծ հնարավորություններ կբացի թե՛ մեզ համար՝ որպես գիտելիք արտահանող սուբյեկտի, թե՛ տեղական խաղացողների համար, քանի որ մենք նոր ոճ, նոր գիտելիքներ ենք փոխանցում նրանց: Շատ ուրախ եմ, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում տեղի ունեցավ այնպես, որ հիմա այդ առումով գիտելիք արտահանող ենք դառնում: Վրացական շուկայից պահանջարկը կա, արդեն մի քանի տարի է՝ այդ ազդակները գալիս էին»,-ասում է Հայկ Շեկյանը: 

Shtigen-ում համոզված են՝ իրենց ներկայությունը Վրաստանում կարող է արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացում ապահովել: Ընդ որում, վրացական շուկային մոտենում են նույն հոգատարությամբ, ինչ հայկական շուկային: Shtigen-ը Վրաստանում հանդես է գալու որպես տեղական ընկերություն, ուստի ամեն ինչ անելու են, որ վրացական շուկան զարգանա իրենց ազգային շահին համահունչ:  

Ընկերությունն այս օրերին մասնակցում է հուլիսի 4-5-ը Վրաստանում անցկացվող Georgia Energy Exhibition and forum-ին: «Կարծում եմ՝ այն բավական լուրջ խթան է հանդիսանալու շուկայի դերակատարների համար՝ ոլորտը տարբեր կողմերից դիտարկելու, որոշումները վերանայելու,  նոր որոշումներ կայացնելու առումով»,-ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրենը:

Shtigen-ն էքսպոյին ոչ միայն իր գործունեության շրջանակը կներկայացնի, այլև այն արժեքները, որոնց շուրջ ձևավորվել է բիզնեսը։ 

Ընկերությունը, սակայն, չի սահմանափակվելու միայն վրացական շուկայով: Հավակնությունները մեծ են, հետաքրքիր են համարում Կենտրոնական Ասիայի, մերձավորարևելյան երկրների շուկաները: Սակայն այս տարի դեռևս կարևորում են վրացական շուկայում ամրապնդվելը: 

Shtigen-ը՝ որպես Հայաստանում ամենամեծ արևային կայան կառուցող 

Shtigen-ն այժմ կառուցում է Հայաստանում ամենամեծ արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը: Ծրագրի սկիզբը եղել է ոչ այնքան հաջող՝ կորոնավիրուսի համավարակի, պատերազմի և այլ պատճառներով: Սակայն ժամկետները երկարաձգվել են, խնդիրները հիմնականում հաղթահարված են:  ««Ողնաշարը կոտրել ենք», ավարտական փուլում ենք: Մեր հատվածը 1-2 ամսում կավարտենք: Կարծում եմ, որ աշնանը ծրագրի հաջող ավարտի մասին հայտարարություն կլինի»,-ասում է Շեկյանը:  

Նա այս նախագիծը կարևոր է համարում Հայաստանի համար՝ ոչ միայն իր տված էլեկտրական էներգիայի տեսանկյունից: «Ցավոք, միջազգային ասպարեզում Հայաստանը երբեմն ընկալվում է պատերազմի վտանգ ունեցող ու բիզնեսի տեսանկյունից ոչ այնքան գրավիչ  երկիր: Այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջողությամբ ավարտենք և աշխարհին ցույց տանք, որ այստեղ ամեն ինչ հնարավոր է անել, եթե ճիշտ աշխատես»,-ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրենը:

Shtigen-ի դերակատարումը՝ երկրի էներգետիկ անկախության ապահովման գործում

Shtigen-ը նախագծել, կառուցել և սպասարկում է Հայաստանում խոշոր արևային էլեկտրակայանները, ինչը, իհարկե, ենթադրում է էլեկտրաէներգետիկ ծախսերի նվազեցում: Թե այս առումով ընկերությունն ինչ է տալիս երկրին ու տնտեսական միջավայրին՝ Շեկյանը պարզաբանում է. «Դրական արդյունքներից մեկն արտադրված էլեկտրաէներգիայի չափով պակաս ներմուծումն է, պակաս կախվածությունը ներմուծվող էներգակիրներից՝ գազից, բենզինից, ատոմային էներգիայից: Այդքանով մենք ավելի անկախ ենք դառնում: Կախվածությունը նվազեցնելու համար երկարաժամկետ կտրվածքում պետք է մեր ռեսուրսները՝ արևը, հողմը, առավելագույնս օգտագործենք, նոր տեխնոլոգիաներ կիրառենք, շուկան զարգացնենք և կարողանանք այնպիսի պայմանավորվածություններ և փոխանակում ունենալ Վրաստանի և Իրանի հետ, որ հնարավորինս անկախ լինենք»:

Այդ առումով նա անկախությունը տեսականորեն 100 տոկոսով հնարավոր է համարում: 

Բացի այդ՝ արևային էներգիայի օգտագործումը երկարաժամկետ հատվածում ավելի մրցունակ լինելու հնարավորություն է ստեղծվում: Շեկյանն ընդգծում է՝ կառուցված այս կայանները երկարաժամկետ գործող ակտիվներ են, ավելի էժան էլեկտրական էներգիա են մատակարարելու ազգային էներգոցանցին, ընդհանուր առմամբ նպաստելու են ավելի մրցունակ, ավելի մատչելի սակագնային դաշտի ձևավորմանը երկարաժամկետ հատվածում:

Արևային էներգիայի օգտագործումը նաև ավելի պակաս արտանետումներ անելու հնարավորություն է տալիս: Ժամանակակից աշխարհում, միանշանակ, էներգետիկ անկախությունը կարևոր խնդիր է: Բայց Շեկյանն արդեն ավելի կարևոր խնդիր է համարում վերականգնվող էներգետիկ աղբյուրներից առավելագույնս օգտվելով՝ հասնել զրոյական արտանետումների (net zero): Մի շարք երկրներ արդեն դրան հասնելու ժամկետներ ու պարտավորություններ են ստանձնել:  

Shtigen-ը տնտեսության վրա իր դրական նպաստն է ունենում նաև աշխատատեղերի ստեղծմամբ: Կախված սեզոնից՝ շուրջ 200 աշխատակից են ունենում: Այս պահին քանակը կարող է հասնել նույնիսկ 300-ի՝ կապված ամենախոշոր արևային կայան կառուցելու հետ, միայն այդ աշխատանքում ներգրավված է մոտ 80 մարդ:  

Shtigen-ի հիմնադիրը փորձում է խթանել նաև հայ-հնդկական բիզնես կապերը 

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նաև Հայաստան-Հնդկաստան բիզնես խորհրդի համահիմնադիրն է: Նախաձեռնությունը հնդիկ գործընկերոջ կողմից է եղել, հավանություն է ստացել նաև հայ գործընկերների շրջանում: Այսպիսով, հայ և հնդիկ գործընկերներով հիմնել են խորհուրդը:

«Մենք Հնդկաստանի հետ համագործակցության նոր հնարավորություններ ունենք: Երկարատև ու կայուն հարթությունը բիզնեսում համագործակցությունն է: Որոշեցինք մի կառույց ստեղծել, որը համագործակցային միջավայրում կխթանի երկու երկրների միջև առևտուրը: Որոշակի գործունեություն արդեն հասցրել ենք իրականացնել, բացահայտել ենք աշխատանքի հիմնական ուղղությունները, հանդիպումներ ենք ունեցել հայ գործարարների հետ, տեսել ենք հետաքրքրություն: Արտահանողները շոկոլադի, գինու և մի շարք այլ ոլորտների ապրանքներ արտահանելու առումով հետաքրքրություն ունեն: Կա ընկալում, որ պետք է արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել»,–ասում է Շեկյանը: 

Խորհուրդը, ի դեպ,  վերջերս Երևանում անցկացված APRI 2024 ֆորումի հովանավորներից էր: 

Աշնանը Հնդկաստանում անցկացվելու են մի շարք ցուցահանդեսներ: Դրանցից մեկին նախատեսում են մասնակցել, հարաբերություններ հաստատել հնդիկ գործարարների հետ, փոխանցել հայ գործարարների ուղերձը: 

Shtigen-ը՝ ազգային պատասխանատվության կրող 

Shtigen-ը կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում Արցախում իրականացնում էր «Արևածագ Արցախում»  նախագիծը, որն այժմ «Արևածագ» անունով է հանդես գալիս: Թե ինչու են կոչել կորպորատիվ ազգային պատասխանատվություն, այլ ոչ թե սոցիալական պատասխանատվություն՝ Շեկյանը մանրամասնում է. «Կորպորատիվ ազգային պատասխանատվություն չի նշանակում միայն կորպորատիվ հայկական պատասխանատվություն: Մեզ համար հայկականն է, վրացու համար՝ վրացականը: Մեզ համար կարևոր է, որ Shtigen-ի հետ առնչվող մարդն իրեն զգա իր, այլ ոչ թե օտարի ափսեում: Մենք բիզնես ենք, իհարկե, շահույթ ենք հետապնդում, բայց ոչ նյութական, ոչ ֆինանսական հարթության մեջ ցանկանում ենք, որ մարդիկ ստանան առավելագույն արժեք, զգան, որ իրենք ստեղծում են իրենց ընտանիքի, իրենց երկրի, իրենց հայրենիքի համար»:

«Արևածագ Արցախում»-ի նպատակն է եղել արևային տեխնոլոգիաների միջոցով Արցախում հաստատել էներգետիկ անկախություն: Տնային տնտեսություններում, կրթական և բժշկական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել: Այդ ամենն իրականացրել են տարբեր համահայկական ծրագրերի հետ համագործակցությամբ: Արցախում տեղի ունեցածից հետո Shtigen-ն ուշադրությունն արցախցիների հետ տեղափոխել է Հայաստան: «Վիվա» հիմնադրամի հետ համագործակցությամբ Արցախից տեղահանված հայրենակիցների տների տանիքներին արևային ջրատաքացուցիչներ են տեղադրում: «Թելսելլ» ընկերության նվիրատվությամբ Արցախի Մարտունու արհեստագործական ուսումնարանի համար նախապատրաստած ծրագիրը կիրականացնեն այստեղ՝ Նոյեմբերյանի պետական քոլեջում: ««Արևածագ» նախագիծը շատ կարևոր է իր խորքային նպատակներով, բայց շատ ավելին պետք է անել առօրյա աշխատանքում։ Մենք՝ որպես ընկերություն, փորձում ենք պայքարից հոգնած մեր աշխատակիցներին ցույց տալ, որ այդ պայքարն իզուր չի եղել, փորձում ենք սեփական օրինակով ցույց տալ, որ նպատակի շուրջ համախմբվելով՝ հնարավոր է հասնել մեծ արդյունքների։ Եվ այո՛, չվախենալ մեծ նպատակներից»,-ասում է Շեկյանը՝ ավելացնելով, որ այսօր Shtigen-ում ավելի քան 15 արցախցի է աշխատում:  

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում