Տուրիզմ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

9 րոպեի ընթերցում

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլոբալ քաղաքական զարգացումների համատեքստում գնալով ավելի է մեծանում Հնդկաստանի տեսակարար կշիռը, որն աշխարհի ամենաբնակեցված ժողովրդավար երկրներից մեկն է։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ հնդկական տնտեսությունը շուկայական փոխարժեքով աշխարհի վեցերորդ խոշոր տնտեսությունն է, իսկ 9,459 տրիլիոն ԱՄՆ դոլար գնողունակության համարժեքությամբ՝ երրորդը։ ՀՆԱ-ի միջին տարեկան աճի տեմպը վերջին երկու տասնամյակներին կազմել է 5.8%՝ Հնդկաստանը դարձնելով աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը։ 

Լինելով աշխարհաքաղաքական ու ռազմավարական ազդեցիկ ու հեղինակավոր BRICS կազմակերպության հիմնադիր պետություններից մեկը՝ Հնդկաստանը մեծ ուշադրություն է դարձնում իր ճանաչելիության բարձրացման խնդրին ամբողջ աշխարհում և այդ նպատակով կազմակերպում է ճանաչողական բնույթի այցեր՝ նախատեսված բազմաթիվ երկրների կազմակերպությունների, ընկերությունների, ՀԿ-ների, մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների համար։ 

Այդպիսի մի այց էլ հունիսի 22- 28-ը կազմակերպվել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, որի շրջանակում Եվրասիական գոտու տասը երկրների քսաներեք լրագրողներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող «Արմենպրես»-ի թղթակիցը, հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու Հնդկաստանին, հաղորդակցվելու նրա հարուստ մշակույթի, հասարակական կյանքի, վարած տնտեսական ու արտաքին քաղաքականության հետ։ 

Հնդկական կողմն ի սկզբանե նպատակադրվել էր այնպես կազմակերպել լրագրողների շրջագայությունը, որպեսզի դրա ընթացքում ընդհանուր գծերով հնարավոր լիներ պատկերացում կազմել արագ զարգացող Հնդկաստանի մասին։ Ըստ այդմ՝ իրականացված շրջայցերն ընդգրկեցին ինչպես զբոսաշրջային, այնպես էլ մշակութային, քաղաքական ու տնտեսական բաղադրիչներ։ 

Առաջին երկու օրերին տեղի ունեցան տպավորիչ այցեր դեպի Հնդկաստանի պատմության ազգային թանգարան, որը հարուստ է վաղնջագույն ժամանակների մասին ավետող և հնդկական բազմաշերտ ու հարուստ մշակույթի մասին վկայող  ցուցանմուշներով, այնուհետև իրականացվեցին շրջայցեր Հումայունի դամբարան, Քութուբ Մինարեթ, իսկ հետո նաև աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Թաջ Մահալի դամբարան, որն իսկապես ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշ է և պատահական չէ, որ գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը։ 

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ Թաջ Մահալ այցելողների թիվը տարվա կտրվածքով հասնում է շուրջ 10 միլիոնի։ Հնդկաստանն իսկապես յուրատեսակ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ կան բազմաթիվ պատմական հուշակոթողներ, համալիրներ ու ամրոցներ։ Դրանցից մեկը՝ Հայդարաբադում գտնվող Գոլկոնդայի ամրոցը, նույնպես ընդգրկված էր արտասահմանցի լրագրողների այցելությունների ցանկում։ Ամրոցի փլատակներն ու պահպանված հատվածները խոսում են Հնդկաստանում երբևէ կառավարած թագավորական դինաստիաների երբեմնի փառքի ու տիրապետության մասին։ Ամրոցն իսկապես իրենից ներկայացնում է պատմական մեծ արժեք։ 

Եվրասիական պատվիրակության այցերն ընդգրկեցին ինչպես հասարակական կազմակերպություններ, այնպես էլ պետական գերատեսչություններ։ Հնդկաստանը վերջին տարիներին բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել ՏՏ ոլորտում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնում է նաև անչափ կարևոր բնակլիմայական ոլորտի ուսումնասիրություններ։ Այդ տեսակետից բավականին հետաքրքիր այցեր կազմակերպվեցին «RwNew Power» և «T-Hub» ընկերություններ։ Հնդկաստանը բազմաթիվ երկրների համար ցանկալի գործընկեր է նաև առողջապահության ոլորտում։ Հնդկական դեղագործական արտադրանքը մեծ պահանջարկ ունի աշխարհի շատ պետություններում։ Հայդարաբադ այցելած լրագրողները դրանում համոզվեցին՝ հյուրընկալվելով «Dr. Reddy’s Lab» ընկերությունում և անմիջականորեն հետևելով դեղահաբերի արտադրության գործընթացին։

Աշխարհի գերտերությունների շարքին դասվող Հնդկաստանը բնականաբար չի կարող անտեսել այնպիսի կարևոր բնագավառ, ինչպիսին տիեզերքի ուսումնասիրությունն է։ Հայդարաբադում է գտնվում «Skyroot Aerospace» ընկերությունը, որը զբաղվում է փոքր ձևաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման և փորձարկման հետ կապված աշխատանքներով: Կազմակերպության կողմից թողարկված «Vikram S»-ը Հնդկաստանի մասնավոր առաջին հրթիռն է, որը տիեզերք արձակվեց 2022 թվականի նոյեմբերի 18-ին: Ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Պավան Չանդանան պատվիրակության անդամներին ներկայացրեց ընկերության գործառույթներն ու մասնավորապես հաջողված համագործակցությունը Հայաստանի հետ։ 

Հնդկաստանում գնալով ավելի ու ավելի շատ է մեծանում կանանց դերը երկրի հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում։ Մասնագիտացված կազմակերպություններն հավուր պատշաճի զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ և նրանց կարիերայի առաջխաղացման հարցերով։ Այդ համատեքստում բավականին հետաքրքիր ստացվեց լրագրողների այցը «FCCI-FLO» կազմակերպություն, որտեղ գնահատում և կարևորում են կանանց կարգավիճակը հասարակության ներսում։

Հնդկաստանում և նրա շուրջ զարգացող իրադարձությունները շարունակ գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար առաջին պլան է մղվում բովանդակ տեղեկատվության ապահովման խնդիրը։ Նյու Դելիում գործում է «Press Trust of India» լրատվական գործակալությունը, որը ծածկում է տեղական լուրերի 80 տոկոսը՝ առանձնանալով ուրույն աշխատանքային ձեռագրով և ավանդույթներով։ Հնդկաստան ժամանած պատվիրակության անդամները մասնագիտական զրույց ունեցան գործակալության գլխավոր խմբագիր Վիջայ Ջոշիի հետ և ավելի մոտիկից ծանոթացան լրատվամիջոցի հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին։  

Պետական գերատեսչություններում կայացած հանդիպումները կազմեցին արտասահմանցի լրագրողների շրջագայության առանցքը։ Նրանք մասնավորապես հանդիպումներ ունեցան Հնդկաստանի ծովագնացության նախարարությունում, որտեղ հանգամանորեն քննարկվեցին միջազգային լոգիստիկ միջանցքների շահագործման հետ կապված կարևոր հարցեր։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկվեցին գլոբալ անվտանգության և Հնդկաստանի հետ առանձին երկրների ռազմավարական համագործակցության հետ կապված հարցեր։ Լրագրողներին անձամբ ընդունեց նաև երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը, ում հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կարևոր խնդիրներ։   

Դե էլ ինչ Հնդկաստան առանց կինոյի, Բոլիվուդի ու հեռուստասերիալների, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Արտասահմանցի լրագրողների պատվիրակության վերջին հանգրվանը Ռամոջիի հսկայական կինոստուդիան էր իր բազմատեսակ ու բազմագույն տաղավարներով, նկարահանումների համար ստեղծված հնարավորություններով։ Կինոն նույնպես համարվում է տվյալ երկրի մասին պատմող և գաղափարական մեծ նշանակություն ունեցող արտահայտչամիջոց, հետևաբար, Հնդկաստանում կինոինդուստրիային վերաբերում են հավուր պատշաճի։ 

Առհասարակ, նման այցերի կազմակերպումը կարևոր է այն իմաստով, որ այցելուները հնարավորություն են ստանում ավելի մոտիկից ծանոթանալու և նորովի բացահայտելու Հնդկաստանը, որն օր օրի ավելի ու ավելի մեծ ծավալներով հաստատում է իր տեսակարար մեծ կշիռն ամբողջ աշխարհում։ 

Մանվել Մարգարյան   

 

Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Աշխարհ

Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Հնդկաստանի վարչապետը hուլիսի 8-9-ը կայցելի Ռուսաստան

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը hուլիսի 8-9-ը կայցելի Ռուսաստան

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Քաղաքականություն

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

Քաղաքականություն

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ

Աշխարհ

Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Քաղաքականություն

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Հնդկաստանում  կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

Աշխարհ

Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ասիա

Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Ռուսաստան

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Տուրիզմ

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում