ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք, 2023 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 981։ Աճը կազմել է 14,1 տոկոս։ Աճի միտումը նկատվում է նաև 2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ։ Մասնավորապես, 2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 266 դեպք, 2023 թվականին՝ 5070 դեպք։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը նշեց, որ բավական մեծ թիվ են կազմում համացանցի միջոցով իրականացվող թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը։ 

«Հասարակության շրջանում քննարկվում է այն, որ թմրամիջոցների շրջանառության ծավալներն աննախադեպ չափերի են հասնում։ Ասեմ, որ նշված վիճակագրական տվյալները կարող են նաև իրականացված պայքարի ու բացահայտումների արդյունք լինել։ Նույնիսկ կարող եմ նշել, որ 2023-ի բացահայտումների ցանկում կան դեպքեր, որոնք տեղի են ունեցել տարիներ առաջ»,-ասաց Հովհաննես Համբարյանը։ 

Ամեն դեպքում, մասնագետը վերոնշյալ ցուցանիշները մտահոգիչ է համարում՝ ընդգծելով, որ բազմակողմանի իրականացվող աշխատանքների ծավալներն ավելացնելու անհրաժեշտություն կա։ 

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նկատեց, որ իրենց կենտրոնում նույնպես դիմելիության աճ է նկատվում։ Իրենց մոտ բուժվող թմրամիջոց օգտագործողների թվում կան նաև անչափահասներ։ 

«Այս տարի 15 տարեկան աղջիկ ենք ունեցել, ցավոք, արդեն հոգեախտաբանական խնդիրներ կային։ Ուղեգրեցինք հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժին։ Ասեմ, որ կան նշաններ, որոնց վրա կուզեի ծնողների ուշադրությունը հրավիրել։  Երբ սկսում են թմրամիջոցներ օգտագործել, ապա վարքի փոփոխություն է նկատվում։ Մասնավորապես, փոխվում է ընկերական շրջապատը, առողջ հետաքրքրությունները փոխարինվում են բացասական հետաքրքրությունով, սկսում են ուշ տուն գնալ, տնից փախնում են, մեկուսանում են, եղջերաթաղանթների կարմրություն է նկատվում, ոչ ադեկվատ շարժուձև է դրսևորվում և այլն»,-ասաց Սուրեն Նազինյանը։ 

Նրա խոսքով, ցավալիորեն վերջին շրջանում տարածում են գտնում հոգեխթանիչ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցները, որոնք բավական վտանգավոր են ու շատ արագ կախվածության մեջ են գցում անձին։ Դրանք ունակ են առաջացնելու հոգեախտաբանական խնդիրներ։ 

Մասնագետներն իրավական գործընթացներից զատ կարևորեցին նաև իրազեկման աշխատանքները։ Քննչական կոմիտեն դպրոցներում իրականացնում է «Դասը վարում է քննիչը» ծրագիրը, որի շրջանակում անպայման անդրադառնում են  թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրներին։ 

Հայերեն Русский

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին