Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

6 րոպեի ընթերցում

ՉԵՆՆԱՅ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի դերը Չեննայի՝ նախկին Մադրասի հասարակական կյանքում ավելին է, քան կարելի է պատկերացնել: Տեղի հայերը պնդում են, որ ամեն ինչ առջևում է, և ապագայում կլինեն շատ ծրագրեր:

«Արմենպրես»-ի թղթակցին իր լավատեսությունն է հայտնել Չեննայի ( Մադրաս) հնդկահայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Աշխեն Խաչատրյանը:  

Նրա խոսքով՝ թեև ներկայումս Մադրասի հայկական  համայնքը զգալիորեն նվազել է, անդամներից շատերն ակտիվ չեն, աշխատանքների հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է մի քանի հոգու վրա և համայնքի փոքրաթիվ լինելու հանգամանքն էլ խոչընդոտում է բազմաթիվ ծրագրերի իրականացմանն ու ավելի ակտիվ գործունեության ծավալմանը, այդուհանդերձ, փորձ է արվում բացը լրացնել՝ ապավինելով բավականին հարուստ հայկական հետքին: 

«Կատարում ենք ուսումնասիրություններ՝ նորովի բացահայտելու մեր պատմամշակութային ժառանգությունը, ուստի աշխատում ենք դրա պահպանման ու վերականգնման ուղղությամբ: Կազմակերպում ենք հանդիպումներ, անցկացնում հավաքներ՝ նշելով կարևոր տարեթվերն ու իրադարձությունները: Չեննայի հայկական համայնքն ունի մի առանձնահատկություն, այն կարող է մեծանալ՝ կապված որոշ իրադարձությունների հետ: Օրինակ՝ 2015-16 թվականներին, երբ այստեղ կային ուսանողներ, տարբեր ծրագրերում ներգրավված անձինք, պայմանագրային հիմունքներով աշխատող օդաչուներ, ովքեր մեզ մոտ ժամանակավորապես հաստատվել էին իրենց ընտանիքներով, համայնքն ապրում էր աշխույժ և ակտիվ կյանքով»,- ասաց Խաչատրյանը: 

Բոլոր տոներին և հիշատակության օրերին հայերը հավաքվում են Մադրասի Սբ. Աստվածածին եկեղեցում: Պարտադիր նշվում է նաև ապրիլի 24-ը: Կազմակերպվող հանդիպումների ժամանակ Մադրասի հայերը միմյանցից տեղեկություններ ստանում ընթացիկ հարցերի վերաբերյալ: 

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ միայն փոքր մասն է պահպանվել նրանից, ինչ ունեցել ենք 17-18 -րդ դարերում: Շատ վայրերում, որտեղ կան հայկական հետքեր, տեղաբնակները նույնիսկ տեղյակ չեն դրանց ծագումնաբանության մասին: Այնինչ մեր հայրենակիցներն ի սկզբանե մեծ ավանդ են ունեցել Հնդկաստանի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Եղել են հայտնի շինարարներ, ովքեր կառուցել են առաջին քարաշեն կամուրջը՝ նախանշելով Մադրասի զարգացման հիմքը: Հայերը կարևոր դեր են խաղացել նաև բանկային համակարգի կառուցման գործում, որը հետագայում վերանվանվել է՝ կոչվելով Հնդկաստանի պետական բանկ:

«Նրանք ծանոթ են միայն հայկական եկեղեցուն, սակայն, ի տարբերություն լրագրողների ու պատմաբանների, ավելի կոնկրետ պատկերացում հայերի մասին չունեն: Ես շուրջ տասը տարի ապրում եմ Մադրասում, այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրերից ամուսնուս հետ սկսել եմ փնտրել հայկական հետքերը: Հետագայում ակտիվորեն կազմակերպել ենք ցուցահանդեսներ՝ ներկայացնելով Հայաստանը հնդիկ ժողովրդին: Հայկական եկեղեցում կազմակերպված հանդիպումներին ժամանակի հետ սկսեցին մասնակցել նաև Կալկաթայից ժամանած հոգևորականները: Յուրաքանչյուր միջոցառման առթիվ տեղեկատվություն ենք փոխանցում տեղի լրատվամիջոցներին: Արդեն իսկ հրապարակվել են բազմաթիվ ճանաչողական հոդվածներ: Անցյալ տարի ծավալուն հոդված տպագրվեց նաև Հնդկաստանի ազդեցիկ ու հեղինակավոր «Times of India» պարբերականում՝ Հարություն քահանա Շմավոնյանի կյանքի և գործունեության մասին»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: 

Խաչատրյանը հավելեց, որ անելիքներն այս պահին իսկապես շատ են, սակայն Հայաստանի հետ համագործակցության մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել նաև պետության հնարավորությունները, թե արդյոք հնարավոր է իրականացնել բոլոր ծրագրերը: 

«Լավ կլինի, եթե նորագույն տեխնոլոգիական միջոցների, երկու երկրների բարեկամական կապերի ու մեր պատմամշակութային հենքի օգտագործմամբ հնարավորություն տրվի հնդիկներին՝ տեղեկանալու Հայաստանի մասին, ինչը կխթանի նաև զբոսաշրջությունը: Բոլորիս ուրախացնում է վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում: Շատ կարևոր է նաև գործարար շրջանակների համագործակցության ընդլայնումն ու բիզնես-մշակութային կենտրոնների հիմնումը գոնե այն խոշոր նավահանգստային կենտրոններում, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, առավել ևս, որ հայերը պատմականորեն հաստատվել են հենց ափամերձ քաղաքներում, և այդ բնակավայրերում կան հայկական տապանաքարեր, որոնք հայկական հետքերի անխոս վկաներն են»,- ասաց Մադրասի հայկական համայնքի ներկայացուցիչը: 

Խաչատրյանը հատուկ ընդգծեց նաև Հնդկաստանում Հայաստանի պատվո հյուպատոս Շիվկումար Եաշվարանի դերակատարությունը երկու երկրների կապերի ամրապնդման գործում:  

«Բնականաբար մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի դեսպանության հետ: Ցանկացած ծրագրի շրջանակում մեր դիվանագետները պատրաստ են մեզ լսել և հնարավորությունների սահմանում աջակցել: Եթե առաջանում են հարցեր, դեսպանը և պատվո հյուպատոսը պատրաստակամորեն լսում են մեզ՝ փորձելով լուծել կարևոր հարցերը: Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր»,- եզրափակեց Խաչատրյանը: 

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»