ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցել է «Լևանտեի Տոնավաճառի» համաժողովների դահլիճում հունիսի 21-ին տեղի ունեցած «Հայաստանը և Բարին» խորագրով կլոր սեղանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ միջոցառումը կազմակերպել է «Նիկոլաոս հիմնադրամը»՝ «ԱսսոԱպուլյա»-ի և «Լևանտեի Նոր Տոնավաճառի» հետ համագործակցությամբ։
Հաղորդվում է, որ միջոցառման մոդերատորներն են եղել Ջորջա Կուտինոն և Նիկոլաոս հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանո Կարդոնեն։
Միջոցառման նպատակն է հանդիսացել Ապուլիայի կարևոր ընկերությունների ցանցին ներկայացնել հայկական շուկայի հնարավորությունները գյուղմթերքի, սպառողական ապրանքերի արտադրության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտներում:
«Հանդիպմանը նախորդել էր ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի հանդիպումը «Nuova Fiera del Levante»-ի նախագահ Գաետանո Ֆրուլլիի հետ: Ֆրուլլին իր կարճ ներածական խոսքում մեծ ուրախություն արտահայտեց Հայաստանի դեսպանի ներկայության առնչությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպությանը՝ Լևանտեի Տոնավաճառը հանդիպման վայր ընտրելու համար՝ հավաստիացնելով, որ այդ կառույցում կարող են գտնել համապատասխան հարթակ Ապուլիայի տարածքի միջազգայնացման, առաջխաղացման և փոխադարձ ճանաչողության համար»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպան Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին «Հայաստանի մասին խոսելու հնարավորություն ընձեռելու համար՝ ներկայացնելով երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման ներուժը՝ խրախուսված թե՛ բիզնեսի, թե՛ ակադեմիական աշխարհի ներկայացուցիչների ներկայությունից»։ Երկկողմ հարաբերությունների առնչությամբ նա ընդգծել է ինչպես հնագույն, այնպես էլ ընդամենը վերջերս ձեռքբերված համաձայնությունների կարևորությունը՝ վարչական, խորհրդարանական և դատական մարմինների միջև: Այնուհետեւ նա լայն անդրադարձ է կատարել Պուլիայի հայկական սփյուռքի դարավոր պատմությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Նա նշել է, որ արդեն մի քանի տասնյակ իր հայրենակիցները ապաստան են գտել նաև Պուլիայում, որտեղ 1926 թվականին հիմնադրվել է Բարիի Նոր Արաքս գյուղը և որտեղ մոտ հարյուր վերապրածներ նոր կյանքի հնարավորություն են գտել:
Դեսպանությունը հավելում է, որ դեսպանն իր խոսքում նշել է՝ Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արագ աճով, և որ վերջին տարիներին մեծացել է իտալացի ձեռներեցների հետաքրքրությունը Երկրի նկատմամբ բազմաթիվ ոլորտներում. ընդ որում միայն 2023 թվականին առևտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 20%։ Իտալիան, հիրավի, դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը Եվրամիության երկրների շարքում, որին նախորդում է միայն Գերմանիան։ Դեսպանը հաստատել է, որ դեռ աշխատանքներ կան անելու դեպի Իտալիա Հայաստանի արտահանման ծավալների ընդլայնման ուղղությամբ և հակառակը, սակայն այս բացը, անշուշտ, կլրացվի այդ թվում նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների ավելացման շնորհիվ։ Նշել է մի շարք ոլորտներ, որոնք աճի ներուժ ունեն և գրավում են ներդրողներին. գյուղատնտեսության և ագրոպարենային ոլորտը (Հայաստանի կառավարության կողմից հատկանշական հարկային և ֆինանսական արտոնություններով և խթաններով), խաղողագործություն (հազարամյա պատմություն ունեցող), տեքստիլ արդյունաբերության, հագուստի և նորաձևություն, բարձր տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտները, զբոսաշրջությունը և հույս է հայտնել, որ նշյալ հանդիպումը նոր ավյուն կհաղորդի Հայաստանի և Բարիի միջև հարաբերություններին։
Իտալիայում ՀՀ դեսպանի խոսքին հաջորդել է «Պուլիայի Օդակայանների» (Aeroporti di Puglia S.P.A.) նախագահ Անտոնիո Մարիա Վազիլեյի ելույթը շատ ջերմ մթնոլորտում, ով տեղեկացրել է, որ որոշ ժամանակ է, ինչ դիտարկվում է Բարի-Երևան ուղիղ կապի հնարավորությունը:
«Երկու ժողովուրդների միջև ինչպես անձնական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակով նպատակների միասնությունը և հարաբերությունների ամրությունը խթանում են այս նախագծի իրականացումը: Ավելին, Պուլիայի շրջանային խորհուրդը, որը վերահսկում է իր կողմից ղեկավարվող Ընկերությունը, շատ է հետաքրքրված բոլոր մակարդակներում փոխանակումների այս նոր հնարավորություններով»,- նշել է Անտոնիո Մարիա Վազիլեյը:
Պրոֆեսոր Ջուլիա Աննալինդա Նելյան՝ փոխանցելով Բարիի պոլիտեխնիկի ռեկտորի ողջույնները, հույս է հայտնել, որ իր հաստատությունը հնարավորություն կունենա իր ճիշտ տեղը գտնելու փոխանակումների նախագծերում:
«Նիկոլաոս» հիմնադրամի փոխնախագահ Վինչենցո Կապոբիանկոն պնդել է Բարի-Երևան ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ փոխադարձ ճանաչողությունը, հայկական կառույցների հետ շուկաների առավել լայն ուսումնասիրությունը և լայնածավալ բանակցությունները խթանելու համար:
Պետական արխիվի տնօրեն Ադրիանո Բուցանկան ուշադրություն է սևեռել Պուլիայի և Հայաստանի միջև թվայնացման և արխիվային ուսուցման ոլորտներում գիտելիքների փոխանակման գործընթացների ակտիվացման հնարավորության վրա:
Բարիի հայ համայնքի ներկայացուցիչ և ձեռներեց Դարիո Ռուբեն Թիմուրյանը, անդրադառնալով Բարիում հայկական բազմադարյա ներկայությանը, հիշեցրել է, որ Սուրբ Նիկողայոսի մասունքները Արևելքից Բարի է տեղափոխվել 11-րդ դարում Բարիի համայնքի ակտիվ և ականավոր անդամ դատավոր Կուրկորիոյի շնորհիվ։ Նա նշել է նաև Բարի-Երևան ուղիղ չվերթ բացելու հարցում դրսևորած անձնական նեդրումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով դեպի Հայաստան կարճաժամկետ առևտրային առաքելություն կազմակերպելու անհրաժեշտության վրա։
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հրանտ Նազարյանց» հետազոտական կենտրոնի նախագահ Կառլո Կոպպոլան, շնորհակալություն հայտնելով դեսպանին, ով իր փորձով նպաստում է Իտալիա-Հայաստան փոխանակումների իրականացմանը, ամփոփել է ապագա ձեռնարկատիրական ցանցի նպատակներն ու ներուժը, որը նպատակաուղղված է Ապուլիայի ձեռներեցներին Հայաստանը ճանաչելի դարձնելուն՝ վերահաստատելով ռեսուրսներով հարուստ շուկան ճանաչելի դարձնելու, այդ նպատակով հետազոտություններն ու շփումները հեշտացնելու, Պուլիայի գերազանցությունները Հայաստանին ներկայացնելու անհրաժեշտությունը՝ փոխշահավետ առաջխաղացման նպատակով:
Նոր Արաքսի պատմական հայ համայնքի ներկայացուցիչ Սիրանուշ Քուարանտան հիշեցրել է, որ այս տարի լրանում է առաջին հայերի՝ Բարի մուտքի հարյուրամյակը, նշեքով, որ իրականում Բարին միայն առաջին մուտքի և ապաստանի տարածք չէ, այլ՝ սփյուռքի հարկադրված մի ժողովրդի վերածննդի խորհրդանիշ, որ կարողացել է լավ ինտեգրվել իր նոր հայրենիքին:
Հավելվում է, որ հանդիպմանը մասնակցել են Ապուլիայի տարբեր ընկերությունները, ովքեր իրենց մեծ փորձով ներկայացրել են իրենց արտադրանքը և համապատասխան ապրանքանիշերը:
Հանդիպման բոլոր ներկաները, ի վերջո, ցանկություն են հայտնել, որպեսզի որքան հնարավոր է շուտ կարողանան միասին նոր էջ գրել Պուլիայի և Հայաստանի հարաբերությունների մասին՝ հարստացնելով արդեն գոյություն ունեցող մշակույթի, առևտրի և արդյունաբերության միջև կամուրջը։