2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը, որը մոտենում է իր ավարտական փուլին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ից, ծրագրի նպատակն է՝ հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը, հանրայնացմանը:
Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի երիտասարդ երաժիշտները ոլորտում հայտնի երաժիշտ-փորձագետ Սևադա Համբարչյանի օգնությամբ ապրիլ ամսից մշակում են Գեղարքունյաց աշխարհի երգերից բաղկացած երգացանկ:
«Ծրագրի ավարտին` հունիսի վերջին, նախատեսվում են Գեղարքունիքի մարզում ԳԱՄՄԱ բենդի 4 համերգներ` Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան խոշորացված համայնքներում` մշակված ու թարմացված երգացանկով:
Համերգային շրջագայության մեկնարկը կտրվի այս տարվա երիտասարդության մայրաքաղաք Գավառից` հունիս 28-ին, Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հունիս 29 -ին այն կշարունակվի Վարդենիս համայնքում, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում: Մարտունի համայնքում այն կկայանա նույն օրը, Վարդենիկի երաժշտական դպրոցի դահլիճում:
Համերգաշարը կավարտվի Սևանում, հունիսի 30-ին, Սևանի համայնքային մշակույթի կենտրոնում: Կարծում ենք, որ երգարվեստի սիրահարներին շատ հաճելի անակնկալներ են սպասվում»,-ներկայացրեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը։
Խոսրով Խլղաթյան