Տնտեսություն

Ասիական երկրները հարկային թափանցիկության առումով առաջընթաց են գրանցում. Երևանում անցկացվում է Ասիական նախաձեռնության հանդիպումը

9 րոպեի ընթերցում

Ասիական երկրները հարկային թափանցիկության առումով առաջընթաց են գրանցում. Երևանում անցկացվում է Ասիական նախաձեռնության հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի ասիական երկրները 2023-ին հարկային թափանցիկության ոլորտում ու այս հարցում համագործակցության՝ տեղեկատվության փոխանակման առումով առաջընթաց են գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծվեց Երևանում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանը:

Ասիական նախաձեռնությունում 2024-2025թթ. Հայաստանը համանախագահող երկիր է: 2023 թվականին Լիսաբոնում կայացած նախորդ համաժողովում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել էր Ասիայի նախաձեռնության համանախագահ: 

Ռուստամ Բադասյանն Ասիական նախաձեռնության և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի անունից ողջունեց բոլորին, ովքեր հավաքվել են՝ նպաստելու Ասիայում հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացման հավաքական առաքելությանը: «Այս հանդիպումը կարևոր պահ է մեր ճանապարհորդության մեջ: Առաջիկա երկու օրերի ընթացքում մենք կվերանայենք հարկային թափանցիկության ոլորտում կատարված նշանակալի քայլերը և կբացահայտենք նոր ուղիներ՝ տարածաշրջանում հարկային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»,-ասաց Բադասյանը:
Հայաստանում անցկացվող այս հանդիպման կարևորագույն կետերից մեկն է 2024 թվականի «Հարկային թափանցիկություն Ասիայում» զեկույցի հանձնման արարողությունը: Զեկույցը ցույց է տալիս 2023 թվականին ասիական երկրների կողմից գրանցված առաջընթացը:

«Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցի մեկնարկը մեզ արժեքավոր պատկերացումներ կտա ասիական երկրների ձեռք բերած առաջընթացի վերաբերյալ և կուրվագծի առաջիկա տարիների կատարվելիք աշխատանքների ուղին»,-ասաց Բադասյանը:

Երկօրյա հանդիպման ընթացքում մանրամասն քննարկում կանցկացվի՝ լավագույն փորձի փոխանակման և ծառացած մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունների ձևակերպման առումով: Հայաստանի ՊԵԿ նախագահը քննարկման մասնակիցներին կոչ արեց օգտագործել առիթը` ավելի ամուր կապեր ստեղծելու, փորձի փոխանակման և արդյունավետ համագործակցելու համար հարկերից խուսափելու դեմ պայքարելու և տարածաշրջանում ֆինանսական ամբողջականությունը խթանելու համար: 

«Այսօր հավաքվել ենք այստեղ քննարկելու և խթանելու հարկային թափանցիկությունն ու համագործակցությունն Ասիայում: Այս նպատակների կարևորությունը թերագնահատել չի կարելի, քանի որ  ներկայիս փոխկապակցված աշխարհում հարկերից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի մարտահրավերները պահանջում են հավաքական գործողություն և համագործակցություն»,-ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա ընդգծեց՝ Ասիական նախաձեռնությունն այս մարտահրավերներին դիմակայելու հարցում առանցքային դեր է խաղացել՝ համախմբելով աշխարհի տարբեր մայրցամաքների երկրներին: «Համատեղ հանձնառության և համագործակցության շնորհիվ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել հարկային թափանցիկության բարելավման և աշխարհում ավելի արդար հարկային միջավայրի խթանման գործում: Մեր համատեղ ջանքերի հաջողությունը կախված է մեր գործընկերության թափից»,-ասաց փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը հարկային թափանցիկության և համագործակցության սկզբունքներին։ Համընդհանուր նպատակներին հասնելու համար Հայաստանը պատրաստակամ է աշխատել Ասիական նախաձեռնության անդամ հանդիսացող և չհանդիսացող իր գործընկերների հետ:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկային քաղաքականության և կառավարման կենտրոնի տնօրեն Մանալ Քորվինը տեսաուղերձով ողջունեց Ասիական նախաձեռնության մասնակիցներին: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ նախաձեռնության այս կարևոր հանդիպումը հյուրընկալելու համար: 

«Ես ուղղակի տպավորված եմ այս նախաձեռնության շրջանակներում հարկերից խուսափելու և այլ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի հսկայական աշխատանքով, որը դուք կատարել եք թափանցիկության և հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Այս օրակարգին ասիական երկրների շարունակական ակտիվ ներգրավվածությունն ու ավելացող քաղաքական հանձնառությունը շոշափելի է: «Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցի արձանագրումները հիանալի կերպով ցույց են տալիս այն ջանքերը, որոնք ասիական իրավասու մարմինները ուղղել են իրենց միջազգային պարտավորությունների առաջխաղացմանը: Այդ ջանքերն արդյունք են տալիս, ինչպես ցույց են տալիս տպավորիչ թվերը»,-ասաց Քորվինը:

Նա հավելեց՝ գլոբալ ֆորումը շարունակում է աջակցել ասիական անդամ երկրներին՝ իրենց կայուն առաջընթացի հարցում: Քորվինը կոչ արեց շարունակել մեծ աշխատանքը և լուծել մնացած մարտահրավերները՝ ասիական երկրների համար լիովին բացահայտելու հարկային թափանցիկության և տեղեկատվության փոխանակման ներուժը:

Գլոբալ ֆորումի նախագահ Գաել Պերրոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին հանդիպումը կազմակերպելու համար: Անդրադառնալով «Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցին՝ նա նշեց. «Երկրորդ զեկույցը և դրա արդյունքները ցույց են տալիս տարածաշրջանում ձեռք բերված շարունակական և հետևողական առաջընթացը, բայց նաև հիմք են տալիս այլ աշխատանքի: Ես նաև խոստումնալից զարգացումներ եմ կանխատեսում առաջիկա տարիներին»:

Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Զայդա Մանատան նշեց, որ Ասիական նախաձեռնության ձևավորումից ընդամենը 2 տարի է անցել, այսօր Հայաստանում հավաքվել են  2022 թվականից ի վեր արդեն վեցերորդ հանդիպմանը: «Կարճ ժամանակահատվածում արդեն շոշափելի առաջընթաց է գրանցվել Ասիական նախաձեռնության միջոցով, ավելի շատ ասիական երկրներ են քաղում հարկային թափանցիկության օգուտները: Բարձր մակարդակի արդյունքները հաստատեցին այս օրակարգին տրվող կարևորությունը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նաև Ասիական նախաձեռնության գործընկերներին և դոնորներին: 

Զայդա Մանատտան ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքները և 2023 թվականին ասիական երկրներում հարկային թափանցիկության ոլորտում գրանցված առաջընթացը: Հանդիպմանը կքննարկվի Ասիական նախաձեռնության 2024 թվականի աշխատանքային ծրագիրը, կներկայացվեն կատարված աշխատանքները և առաջիկա միջոցառումները: 

Ասիական նախաձեռնության մեկնարկը տրվել է 2021 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի  լիագումար նիստի ժամանակ, որին Հայաստանը միացել է 2022 թվականին Բալիի հռչակագրով: Հռչակագրով նախանշված հիմնական նպատակներն են՝ աջակցել տարածաշրջանում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի հարկային թափանցիկության ստանդարտների ներդրմանը և վարչական փոխօգնության գործիքների կիրառմանը՝ առավելագույնի հասցնելով հարկումից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում փոխանակվող տվյալների օգտագործման արդյունավետությունը: 

Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է Նախաձեռնության լիիրավ անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների: Ասիական նախաձեռնության անդամ երկրներն են Հայաստանը, Բրյունեյը, Չինաստանը, Հոնկ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Ղազախստանը, Կորեան, Մակաուն, Մալազիան, Մալդիվները, Մոնղոլիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում