Ասիա

Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ Երևանում նշվեց Յոգայի միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

File name: HM2_1094.JPG
File name: HM2_1094.JPG

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ Յոգայի միջազգային օրվա առթիվ Երևանի կասկադ համալիրում հունիսի 21-ին կազմակերպվեց յոգայի պարապմունք:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ներկաներին հայերեն ողջունելով՝  շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Արտաքին գործերի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին, ինչպես նաև «Գաֆեսճեան» հիմնադրամին  10-րդ Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն աջակցելու համար: 

«Յոգայի միջազգային օրվա տոնակատարությունը Հնդկաստանում և ողջ աշխարհում սկսել է տոնվել 2015 թվականից: 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունվեց  ՄԱԿ-ի բանաձևը, որով հունիսի 21-ը հռչակեց Յոգայի միջազգային օր: Այս բանաձևն առաջարկվել է Հնդկաստանի կառավարության կողմից և  հավանության են արժանացրել  177 անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը, ինչը ռեկորդային թիվ է: Միասին նշելով Յոգայի միջազգային օրը, մենք տոնում ենք մարդկության միասնականությունը: Մենք գիտակցում ենք, որ ունենք միասնական կապեր, նաև ընդունում ենք գլոբալ ճակատագրի մեր ընդհանրության զգացումը»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ յոգան մարմնավորում է հոգու և մարմնի, մտքի և գործողությունների միասնությունը, որն անգնահատելի է առողջության և բարեկեցության համար:

Դեսպանի խոսքով՝ այս տարվա կարգախոսն է «Յոգան հանուն մեր սեփական անձի և հասարակության»:

«Միայն այն ժամանակ, երբ հոգ ենք տանում մեր մասին, մենք կարող ենք հոգ տանել հասարակության մյուս անդամների մասին»,-ընդհանրացրեց Նիլակշի Սահա Սինհան:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մեծ պատիվ համարեց երկրորդ տարին անընդմեջ միջոցառման հյուրը լինելը:

«Հայաստանում յոգային նվիրված միջոցառումները արժևորում են հայ-հնդկական միջմշակութային համագործակցությունը, դրանց շարունակական ընթացքը և դարերի, հազարամյակների հասնող երկկողմ շփումներն ու միջմշակութային հարաբերությունները: Յոգայի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը դրսևորվում է այս միջոցառմանը մասնակիցների թվի աճով, ըստ էության, մի կողմից վկայությունն է յոգայի նկատմամբ հետաքրքրության, մյուս կողմից՝ հայ-հնդկական շարունակվող, խորացող համագործակցության»,- նշեց Մարտիրոսյանը: Նա կարևորելով Յոգայի միջազգային օրվան նվիրված նախաձեռնությունը՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությանը հետևողականորեն այն առաջ տանելու համար:

Այնուհետև տեղի ունեցավ յոգայի վարժությունների բաց դասընթաց: 

Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և յոգայի սիրահարներ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում