Մշակույթ

Երվանդ Քոչարի 125-ամյակը կնշանավորվի մի շարք հետաքրքիր միջոցառումներով

5 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի 125-ամյակը կնշանավորվի մի շարք հետաքրքիր միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ինստալացիաներ, գիտական և  համերգային ծրագրեր. մի շարք հետաքրքիր միջոցառումներով կնշանավորվի մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը թանգարանի և Քոչարի ամբողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց կառավարությանը քանդակագործի հոբելյանը նշանավորելու նախաձեռնության համար: 

Նա ընդգծեց՝ Քոչարն արվեստագետ էր, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ:

«Իրականում նա ստեղծել է  ստեղծագործական ժառանգություն,  որը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երևույթներից է:  Կարծում ենք, որ մեր պետության և թանգարանի գրագետ ջանքերի և ռազմավարության արդյունքում աշխարհը նորովի կվերաբացահայտի Երվանդ Քոչար արվեստագետին, ով Հայաստանին ու աշխարհին է նվիրել քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- նշեց տնօրեն Կարինե Քոչարը:

Անդրադառնալով հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին՝ նա  նշեց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի հունիսի 22-ին: Նա տեղեկացրեց, որ երեկոյան սպասվում է հետաքրքիր համերգային ծրագիր՝ Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ, որը համեմված կլինի Քոչարի մասին տարբեր ֆիլմերի, ինստալացիաների ցուցադրմամբ  և այլ անակնկալներով:

«Սեպտեմբերին Ազնավուր-Քոչար շատ հետաքրքիր ցուցահանդես է լինելու: Կլինի նաև գրքի շնորհանդես՝ Ազնավուրի երգերի հայերեն և ֆրանսերեն ներկայացմամբ, որը ձևավորված է լինելու Քոչարի  ստեղծագործությունների վերատպություններով»,- նշեց Քոչարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց՝ կառավարության որոշմամբ 2024 թվականին ստեղծվել է  կառավարական հանձնաժողով, որը ԿԳՄՍ նախարարությանը հատկացրել է 167 միլիոն 261 հազար դրամ մեծ վարպետի ահռելի  ժառանգության հանրահռչակմանը նվիրված  տարաբնույթ միջոցառումներ իրականացնելու համար, որոնք կլինեն ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում:  

«Այս տարի նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր՝ սկսած ֆիլմերի դիտումներից, կրթական ծրագրերից, ցուցահանդեսներից և այլն: Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 22-ին՝  «Քոչար Ֆեստ» ծրագրով: Տարվա ընթացքում լինելու է «Երվանդ Քոչարի բազմաթիվ կերպարները» հեռուստատեսային ֆիլմաշարը:  Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի պարտեզում կանցկացվի «Երվանդ Քոչար փոխակերպումներ» արտիստական բացօթյա ռեզիդենցիաների արվեստային նախագիծը»,- ասաց փոխնախարարը:

Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ ծրագրերն ընտրելիս՝ իրենց համար շատ կարևոր է եղել ընդգրկել նաև մարզային ծրագրերը մշակութային կյանքը մարզերում ավելի ակտիվացնելու համար: 

Հոբելյանական տարվա ընթացքում կան շատ հետաքրքիր ծրագրեր, որոնց մասին փոխնախարարը չբարձրաձայնեց, որպեսզի դրանք քաղաքացիների համար անակնկալ լինեն: 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ Հայաստանն ունի ահռելի մշակութային ժառանգություն և այդ մշակութային ժառանգության տարածումը, հանրահռչակումը միջազգային հարթակներում պետք է լինի բոլորի առաջնային խնդիրներից մեկը: 

«Նման բոլոր հոբելյանական տարիներն ու միջոցառումները միտված են հենց դրան: Եվ Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա միջոցառումների շարքն այդ ուղղությամբ արվող հրաշալի քայլ է: Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերին նախատեսվող   ցուցադրությունը միտված է ամբողջ աշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող, տարածական գեղանկարչության հիմնադիր Քոչարին ճիշտ ներկայացնելուն»,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:

Կազմակերպիչները նշեցին՝ միջոցառումների ցանկը մեծ է, որոնց մասին քաղաքացիներին ընթացքում հավելյալ կտեղեկացնեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում