Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․ 23-րդ դարին թվագրվող արծաթե գավաթը բացառիկ նմուշ է, որը կարևոր տեղեկություն է հայտնում ժամանակաշրջանի հասարակության սոցիալական դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի մասին։  Գավաթը հայտնաբերվել է 1987 թվականին՝ Քարաշամբի դամբարանադաշտից:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը  նշեց, որ 1987 թվականի աշնանը Հնագիտության ինստիտուտի և «Էրեբունի» թանգարանի արշավախմբի կողմից Քարաշամբի դամբարանադաշտի հյուսիսային ծայրամասում պեղվել է միջինբրոնզեդարյան մեծ հիմնահողային դամբարան։ Ի թիվս այլ բարձրարժեք գեղագիտական իրերի, դամբարանից գտնվել է նաև հնագույն տորևտիկայի գլուխգործոց համարվող արծաթյա գավաթը։

«Գավաթը թվագրվում է Ք. ա. 23-րդ դարով  և այն կարևոր տեղեկություն է պարունակում ժամանակաշրջանի հասարակության սոցիալական դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի մասին։  Այն վերջին տասնամյակների հայ հնագիտության ամենանշանավոր և ամենաշատ տեղեկատվություն պարունակող գտածոն է: Նմուշը թվագրվում է մի ժամանակաշրջանի, որտեղ մենք գրի մասին չենք կարող խոսել, բայց գավաթի վրա պատկերներն այնպես են ներկայացված, որ հնարավոր է ստանալ  շարունակական պատմության ամբողջ պատկերը»,- ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով նմուշի կառուցվածքին՝ մասնագետը նշեց, որ գավաթի իրանը գլանաձև է՝ պատրաստված արծաթյա թիթեղից, դրվագման եղանակով։ Այն հարդարված է բազմաֆիգուր, սյուժետային ամբողջություն կազմող քանդակազարդ վեց ֆրիզներից։ 

Ըստ մասնագետի՝ առաջին ֆրիզի գլխավոր տեսարանը վարազի որսն է։ Վերջինիս ուսին խրված է որսորդի արձակած նետը։ Աջ ոտքին ծնկած որսորդը լարել է աղեղը կրկին նետահարելու համար։ Վիրավոր վարազի առջևից առյուծն է, ետևից՝ ընձառյուծը։ Սրանց հետևում են մեկընդմեջ շարք կազմած առյուծները և ընձառյուծները։ Որսորդի հետևում կանգնած է շունը՝ վզին թոկ կապած 

«Երկրորդ ֆրիզի վրա ներկայացված են սյուժետային երեք տեսարան՝ ծիսական արարողություն, զինված ընդհարում և պարտված հակառակորդի գերեվարություն։ Առաջին տեսարանի գլխավոր գործող անձը գահին բազմած թագավորն է։ Նրա դիմաց զոհասեղաններ են՝ վրան ծիսական անոթներ և արարողությանը սպասարկող քրմեր։ Քրմերը դեպի զոհասեղանն են բերում արու եղջերուին, որի փորի տակ պատկերված կիսալուսինը ընդգծում է նրան՝ որպես զոհաբերողի: 

Ծիսական այս արարողությունը լրացնում են «թագավորի» թիկունքին հովհարներ պահած երկու ծառա և քնարահար նվագածուն։ Արարողության նպատակն էր հաղթանակ հայցել հակառակորդի դեմ կռվում, որը ներկայացված է նիզակավորների և սուսերակիրների մարտի պատկերներում։ Երկրորդ սյուժեն նիզակակիրների հաղթական երթի տեսարանն է։ Նրանց առջևից քայլում է զինաթափված գերին»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը։ 

Մասնագետն ընդգծեց՝ երրորդ ֆրիզի կենտրոնական անձը նույնպես թագավորն է՝ բազմած գահին, ձեռքին սակր։ Գլխավերևում արև խորհրդանշող սկավառակը ընդգծում է նրա աստվածային ծագումը։ Նրա առջևում ռազմավարի և թշնամու գլխատված գլուխների պատկերն է։ Ձախից պարտված թագավորի զինաթափման, աջից՝ նրան ուղղված հարվածի տեսարանն է. «Ապա պատկերված է հանդերձյալ աշխարհ ուղևորվող գլխատված թշնամիների շարքը։ Անդրշիրիմյան աշխարհը սահմանազատված է առասպելական Անզուդի ալեգորիկ պատկերով։ Ֆանտաստիկ այս էակը հին շումերա-աքադական առասպելաբանության մեջ առնչվում էր պատերազմի և անդրշիրիմյան աշխարհի հետ։ Ալեգորիկ երկրորդ պատկերը ներկայացնում է այծին հոշոտող առյուծին՝ իբրև հաղթանակի և հզորության խորհրդանիշ: Չորրորդ ֆիրզին պատկերված է իրար հետևից դեպի ձախ ընթացող առյուծների և ընձառյուծների շարք։ 

Ամբողջացնելով գավաթից ստացվող ահռելի տեղեկատվությունը՝ մասնագետը նշեց, որ վերջին հինգերորդ ֆրիզը՝ սրածայր ծաղկաթերթիկներից կազմված վարդյակ է։ Գավաթի ոտքը բոլորող վեցերորդ ֆրիզի վրա պատկերված է միայնակ առյուծ և նրա հետևում՝ առյուծների և ընձառյուծների հաճախակի կրկնվող պատկերներ, որոնք կապված են հնդեվրոպական առասպելաբանության հնագույն սիմվոլիկայի հետ, ըստ որի՝ առյուծը և ընձառյուծը հանդես էին գալիս իբրև թագավորի կրկնապատկեր խորհրդանիշեր։ 

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան

 

Հայերեն Русский

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ