Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն ՝ տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 

Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդ զավակը խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թերվիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ջո Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:

 

Հայերեն العربية Español Русский Türkçe