Մարզային

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ  համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գավառ քաղաքում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաև Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Արտաշ Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ 

Հանդիպման սկզբում Ջանիկ Բազեյանը Գավառ համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները՝ շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։ 

Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։ 

Գավառ համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտրամադրվի 3 մլն դրամ։

Ցանկության դեպքում Գավառ համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են առաջին և երկրորդ գոտիներում։ 

Առաջին գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 5, երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար՝ 4 մլն դրամ։ 

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։ 

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։ 

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 մլն դրամ։ 

Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիփոթեքային վարկավորում։ 

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են  բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։ 

 

Խոսրով Խլղաթյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում