Մարզային

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած երկու նորակառույց բնակելի շենք

3 րոպեի ընթերցում

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կառուցած երկու նորակառույց  բնակելի շենք

ԳՅՈՒՄՐԻ,  13  ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի  քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1),  տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց  բնակելի շենքի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հատուկ հյուրեր  և պաշտոնատար անձինք:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովվումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ:

«Իրականում այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ ավելի վաղ պետք է տեղի ունենար.  մենք 1988 թվականի հետևանքները վաղուց պետք է լուծած լինեինք, բայց, քանի դեռ կան տնակներ, բոլորս պարտավորություն ունենք այդ ամենը լրացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հիմնադրամին իրականություն դարձնել մարդկանց վաղեմի երազանքը»,-շնորհավորելով բոլորին՝ նշեց  նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«2019 թվականին անօթևանների խնդրի լուծման գաղափարը վերափոխվեց թաղամաս ստեղծելու գաղափարի, որտեղ մարդիկ կապրեն միասին, կստեղծագործեն միասին և դրա հիմքում դրվեց նաև արվեստ: Շենքերը կառուցելով՝ փորձել ենք դնել բովանդակություն՝ ստեղծելով արվեստ ու մշակույթ»,-իր խոսքում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  տնօրեն Հայկակ Արշամյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ում շնորհիվ կառուցվել են շենքերը:

1988  թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով տնակներում բնակվող անօթևան ընտանիքների կացարանային խնդիրները մշտապես եղել են հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Հիմնադրամը աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնականով ապահովվելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի:

2019 թվականին մեկնարկեց «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում արդեն 2022 թվականին շահագործման հանձնվեց 2 շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցով։        

 

Արմենուհի Մխոյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում