Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2022 թվականին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համագործակցությամբ հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի կողմից նշանակված հանձնաժողովն արդեն իրականացրել է Ծովինարի ագրոանտառի գույքագրումը, որի նպատակն է ստուգել ագրոանտառի և դրա ենթակառուցվածքների կարգավիճակը՝ մինչ այն համայնքին հանձնելը:
Ծովինարի ագրոանտառը հիմնադրվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» ծրագրի մաս կազմող «EU4Sevan» ծրագրի շրջանակում՝ դեգրադացված հողերը վերականգնելու, կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու, հողի մեջ խոնավության պահպանումը մեծացնելու և որոշակի սոցիալ-տնտեսական օգուտներ ապահովելու նպատակով։
«3,5 հեկտար ագրոանտառում գույքագրվել է ավելի քան 3100 կենսունակ ծառ, ինչպես նաև հարյուրավոր մոշի և ազնվամորու թփեր և ծնեբեկ: Մարտունու համայնքապետարանը շահագրգռված է պահպանել ստեղծված ագրոանտառը և ընդլայնել այն՝ 3,5 հեկտարից հասցնելով մինչև 5 հեկտարի:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի համագործակցությունը կշարունակվի` ագրոանտառի կայուն կառավարումն ապահովելու համար»,-ներկայացրին համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան