Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերահսկողության նպատակով մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծվել է մշտադիտարկման աշխատանքային խումբ, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, աշխատանքային խումբը պարբերաբար այցելում է համայնքներ՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին:
Այս անգամ աշխատանքային խումբը եղել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում, որտեղ դիտարկել է բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։
2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։
Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բուժկետ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:
Պատասխանատուների հաջորդ կանգառը Բայանդուրում է եղել, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ, որից երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է։
Աշխատանքային խումբը արձանագրված թերացումները հնարավորինս շուտ վերացնելու հանձնարարական է տվել շինարարին։
Արմենուհի Մխոյան