Քաղաքականություն

Միրզոյանը և Զիբերտը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցեր

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Զիբերտը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Մենք լիահույս ենք, որ այս նոր օրակարգը կներառի բոլոր առանցքային բաղադրիչները և գործիքակազմը՝ գործընկերության զարգացման դինամիկային ու նպատակներին, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղուն համահունչ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը: Կարևորվել է ինչպես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական կյանքի կոչումը, այնպես էլ դրանից անդին առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը:

Արարատ Միրզոյանը և Միխայիլ Զիբերտը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, ՀՀ դիմակայության ամրապնդման ուղղությամբ քայլերին, տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին:

Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հարկավոր է օգտագործել առկա իրական հնարավորությունը հարատև խաղաղության հասնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում