ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր և հանդիպեց ջրհեղեղից տուժած բնակիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՏԱՇԻՐ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր՝ տեղում ծանոթանալու ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին: Նա Լոռու Մարզպետ Արամ Ղազարյանի և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ հանդիպեց Ջահուկյան փողոցի շենքերի և գետափնյա թաղամասի սեփական տների բնակիչների հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սանոսյանը նշեց, որ աղետի գոտում գետերի ջրի մակարդակի բարձրացման օրը Տաշիր քաղաքն ու շրջակա մի քանի բնակավայրերը նույնպես տուժել են հեղեղից:

«Անցած օրերին չէինք հասցրել այցելել Տաշիր, հետևաբար այսօր դիտարկեցինք իրավիճակը: Այստեղ նույնպես բավականին վնասներ են եղել: Հատկապես տուժել են համայնքային ենթակայության կամուրջները, որոնց մի մասը վերականգնվել է զուտ մարդկանց անցողունակությունն ապահովելու համար, մինչև կայացվեն ենթակառուցվածքների հետ կապված հստակ որոշումներ»,- ասաց ՏԿԵ նախարարը:

Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաշիր քաղաքի միջով անցնող համանուն գետի աջ և ձախ հատվածների որոշ թաղամասերը լցվել են ջրով և տիղմով: Այդտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ, իրականացվում է նաև գույքագրում:

«Շրջայցի արդյունքներով կլինեն ընդհանուր որոշումներ ինչպես աղետի գոտու մյուս հատվածների, այնպես էլ Տաշիր քաղաքի վերաբերյալ»,- հավաստիացրեց նախարարը:

Նա այցելեց աղետից տուժած անձանց, եղավ նրանց բնակարաններում ու տներում և անմիջական զրույցներում տեղեկացավ, թե ինչ չափի վնաս են կրել Տաշիրի բնակիչները: Սանոսյանը նրանց հավաստիացրեց, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ տուժած անձանց աջակցելու և նրանց խնդիրներին լուծում տալու նկատառությամբ:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են. «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում