Քաղաքականություն

ՄԻՊ-ն իրավապահներին և ցուցարարներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու ցանկացած փորձից

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն իրավապահներին և ցուցարարներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու ցանկացած փորձից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ հավաք անցկացնող քաղաքացիների և ոստիկանության միջև բախմանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՄԻՊ-ի հայտարարությունը․

«Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները»։

Մայիսի 31-ին ԱԳՆ-ի շենքի դիմաց բախում տեղի ունեցավ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության միջև։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանպահանջում էին, որպեսզի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կամ նախարարությունից որևէ մեկն իջնի և հանդիպի իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին, որ իրենք են բարձրանալու ԱԳՆ շենք։ Ոստիկանությունը մի քանի անգամ ցուցարարներին հորդորեց զերծ մնալ հակաիրավական գործողություններից՝ զգուշացնելով, որ ԱԳՆ-ն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ գործում է հատուկ անցագրային ռեժիմ։ Որոշ ժամանակ անց ցուցարարներն առաջ շարժվեցին՝ փորձելով ճեղքել ԱԳՆ-ի դիմաց տեղակայված ոստիկանական պատը, ինչից հետո ոստիկանությունը գործողություններ սկսեց։ Ոստիկանությունը մի խումբ ցուցարարների բերման ենթարկեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում