Հասարակական

ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին

9 րոպեի ընթերցում

ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) 2023 թվականի վերաբերյալ հրապարակած զեկույցում անդրադարձ է կատարել նաև Հայաստանին՝ միևնույն ժամանակ կոչ անելով ԵԽ անդամ երկրների կառավարություններին կոռուպցիան կանխելու և կենտրոնական կառավարությունների բարձրագույն գործադիր գործառույթներում ազնվությունը խթանելու համար ավելի խիստ կարգավորումներ ընդունել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցը պետությունների կառավարություններին նաև կոչ է արել խիստ կարգավորումներ ընդունել լոբբինգին և երրորդ կողմերի հետ շփումներին, և ուժեղացնել ջանքերն՝ ամբողջությամբ և առանց հապաղելու իրականացնելու GRECO-ի բոլոր առաջարկությունները:

Ինչ վերաբերում է կառույցի 5-րդ գնահատման փուլին, որը կենտրոնանում է կոռուպցիայի կանխարգելման և կենտրոնական կառավարության ու իրավապահ մարմինների բարձրագույն գործադիր գործառույթների միջև ամբողջականության խթանման վրա, GRECO-ի արդյունքները ցույց են տալիս, որ թափանցիկությունը, վերահսկողությունը և հաշվետվողականությունը մնում են վտանգի տակ:

GRECO-ի հրապարակած զեկույցում նշվում է նաև Հայաստանի ցուցանիշների մասին, որում, մասնավորապես, ասվում է, որ մոնիթորինգի այս փուլով ներկայացված 24 առաջարկություններից 11-ը կատարվել է մասամբ (45,8%), իսկ 13-ը՝ ամբողջությամբ (54,2%)։

Խորհրդարանի պատգամավորների վերաբերյալ զեկույցը նշում է, որ Հայաստանի կողմից 5 հանձնարարականներ կատարվել են մասամբ, իսկ 2-ն՝ ամբողջությամբ։

Դատավորներին վերաբերող 5 հանձնարարական կատարվել է մասամբ, 5-ն՝ ամբողջությամբ։

Դատախազների վերաբերյալ Հայաստանի կողմից կատարված հանձնարարականներն, ըստ GRECO-ի 2023 թվականի զեկույցի, կազմում է 86 տոկոս․ 1 հանձնարարական կատարվել է մասամբ, իսկ 6-ն՝ ամբողջությամբ։

2023 թվականի տարեկան զեկույցում GRECO-ն մտահոգություն է հայտնել խորհրդարանականների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իր առաջարկությունների դանդաղ կատարման կապակցությամբ՝ համեմատած այլ մասնագիտական ​​խմբերի հետ։ Այն նաև ընդգծում է, որ մի շարք դատական ​​համակարգեր պետք է հետագայում բարեփոխվեն՝ երաշխավորելու դատավորների և դատախազների անկախությունը և ամրապնդելու նրանց նկատմամբ կիրառվող ազնվության կանոնները:

«Չկա թափանցիկություն առանց հաշվետվողականության, քանի որ անպատժելիությունը միայն խորացնում է կոռուպցիայի ռիսկը և խաթարում հանրային վստահությունը։ Ավելի շատ կանոնակարգում և խստություն է անհրաժեշտ բարձրագույն գործադիր գործառույթներին առնչվող կոռուպցիոն ռիսկերը լուծելու համար, մասնավորապես՝ երրորդ կողմերի և լոբբիստների հետ շփումների, ինչպես նաև ազնվության քաղաքականության արդյունավետությունն ապահովելու համար: Բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անհատները պետք է օրինակ լինեն»,- ասել է կառույցի նախագահ Մարին Մրչելան։

Ըստ GRECO-ի՝ պետությունները պետք է ապահովեն, որ իրենց ինստիտուցիոնալ և օրենսդրական ամբողջականության շրջանակներն ամբողջությամբ և ուղղակիորեն կիրառվեն ոչ միայն բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների, այլև նախարարների, նրանց քաղաքական խորհրդատուների և քաղաքականապես նշանակված այլ անձնակազմի և որոշ պետությունների ղեկավարների նկատմամբ: Զգալի բարելավումներ են անհրաժեշտ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վարքագծի կանոնների ընդունումն ու կիրառումը, շահերի բախման և լոբբինգի կառավարումը, ակտիվների հայտարարագրերի մոնիթորինգը, և դրանց թափանցիկության ապահովումը, անձեռնմխելիության սահմանափակումը, տեղեկատվության հասանելիությունը և այլն։

Զեկույցում անդրադառնալով իրավապահ մարմիններին՝ GRECO-ն ընդգծում է, որ պետությունները պետք է ավելին անեն՝ ապահովելու, որ կոռուպցիոն վարքագիծը և բարեխղճության խախտումները պատշաճ կերպով լուծվեն հիերարխիայի բոլոր մակարդակներում և կանխեն կառավարության անհիմն միջամտությունը ոստիկանության գործունեությանը: Ոստիկանության համար անհրաժեշտ է համապարփակ հակակոռուպցիոն և ազնվության քաղաքականություն որդեգրել, ինչպես նաև բարելավել շահերի բախման և երկրորդական զբաղվածության կառավարումը, ազդարարների պաշտպանությունը և հավաքագրման, առաջխաղացման և աշխատանքից ազատման գործընթացները:

GRECO-ն լավ առաջընթաց է արձանագրում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց վարքագծի կանոնների ներդրումը, նրանց մանդատների ընթացքում բախվող ռիսկերի ավելացված քարտեզագրումը և իրավապահ մարմինների բարձր ռիսկային գործառույթներում կոռուպցիան կանխելու հստակ ջանքերը:

Մինչև 2023 թվականի վերջը GRECO-ն հրապարակել էր զեկույցներ 21 պետությունների վերաբերյալ, որոնք գնահատում էին նրանց համապատասխանությունը գնահատման 5-րդ փուլի առաջարկություններին: GRECO-ն իր 5-րդ գնահատման փուլի շրջանակներում գնահատել էր 21 պետություն։ Համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հրապարակված զեկույցների՝ պետություններն ամբողջությամբ կամ մասամբ կատարել են GRECO-ի առաջարկությունների 58%-ը կենտրոնական կառավարությունների բարձրագույն գործադիր գործառույթների վերաբերյալ (2022-ի վերջի 45%-ի համեմատ): Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա ամբողջությամբ կամ մասամբ իրականացված առաջարկությունների մասնաբաժինը փոքր-ինչ աճել է՝ 2022-ի 63%-ից 2023-ին հասնելով 67%-ի:

2023 թվականի վերջին GRECO-ի առաջարկությունների 54%-ը պատգամավորների, դատավորների և դատախազների վերաբերյալ կատարվել է ամբողջությամբ, 31%-ը մասամբ կատարվել է, իսկ 15%-ը մնացել է չկատարված։ Չիրականացված առաջարկությունների ամենաբարձր մասնաբաժինը վերաբերում է պատգամավորներին (20%)՝ համեմատած դատավորների (13.5%) և դատախազների (10%):

GRECO-ն իր զեկույցում մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներում առաջընթացը դեռևս սահմանափակ է՝ պատգամավորների վարքագծի կանոնների կիրառման, ակտիվների հայտարարագրման համակարգերի թափանցիկության և լոբբինգի կարգավորման հարցում, ինչպես նաև անբավարար առաջընթաց է արձանագրվել դատական ​​խորհուրդների անկախության ապահովման հարցում: Այն դրականորեն նշում է մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ օրենսդրական գործընթացների ընդհանուր բարելավված թափանցիկությունը՝ հանրային նշանակալի մասնակցությամբ:

GRECO-ն նշում է իր 25-ամյակը 2024 թվականին: GRECO-ն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին որպես Եվրոպայի խորհրդի ընդլայնված մասնակի համաձայնագիր՝ 17 պետությունների կողմից (Բելգիա, Բուլղարիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա): Այսօր այն ունի 48 անդամ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրները, ԱՄՆ-ը և Ղազախստանը։ ԵՄ-ն կառույցին անդամակցել է 2019 թվականին՝ որպես դիտորդ։

GRECO-ն ներկայումս պատրաստում է իր 6-րդ գնահատման փուլը, որը կկենտրոնանա կոռուպցիայի կանխարգելման և տեղական և տարածաշրջանային իշխանությունների ամբողջականության խթանման վրա, և այն կմեկնարկի 2025 թվականին:

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարելու իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել ազգային հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները` խթանելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում