Մշակույթ

Կինոարվեստը՝ երկխոսության լավագույն գործիք. «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը

5 րոպեի ընթերցում

Կինոարվեստը՝ երկխոսության լավագույն գործիք. «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Բալոժիի «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ մայիսի 29-ին Երևանում՝ Կինոյի տանը, ազդարարվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը փառատոնը յուրահատուկ միջոցառում անվանեց՝ ընդգծելով, որ կինոն մշակութային երկխոսության զարգացման լավագույն գործիքներից է:

«Եվրոպական Միության նշանաբանն է՝ «Միավորված ենք բազմազանությամբ», ուստի փառատոնին ներկայանում ենք ԵՄ տարբեր երկրների 23 տարբեր ժանրերի ֆիլմերով: Հատկանշականն այն է, որ փառատոնի փակմանը ցուցադրելու ենք հայ-լիտվական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբացը» կինոնկարը, իսկ փառատոնային օրերին կարող եք դիտել նաև ուկրաինական ֆիլմ, որն անդրադառնում է այն իրավիճակին, որում երկիրը հայտնվել է ռուսական ագրեսիայի հետևանքով: Ցուցադրություններից զատ փառատոնի շրջանակում կազմակերպվելու են աշխատարաններ, հանդիպումներ, քննարկումներ փորձագետների մասնակցությամբ»,-նշեց դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով Կինոյի տանը երկրորդ անգամ իրենց հյուրընկալելու համար:

Նա հավաստիացրեց, որ ֆիլմերը գեղեցիկ են, հետաքրքիր են, ուստի կինոյի երկրպագուները կարող են գալ և վայելել եվրոպական ավանդույթները ներկայացնող կինոնկարները:

Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքն անդրադարձավ բացման ֆիլմին, որը բելգիական է և նշեց՝ այն յուրահատուկ է ու հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում մի սիրված երաժշտի մասին, անդրադառնում բազմազանության թեմային: «Այն մրցանակի է արժանացել Կաննի, Մյունխենի կինոփառատոններում և ներկայացվելու է «Օսկար»-ի: Ռեժիսոր Բալոժին երկար տարիներ երազել է այդ ֆիլմը նկարահանել: Ունենալով շատ փոքր բյուջե՝ կարողացել է նկարահանել այն՝ 23 օր անցկացնելով Աֆրիկայում»,-տեղեկացրեց դեսպանն ու հավելեց՝ ֆիլմի հաջողությունը կարող է ուղերձ լինել հայ ստեղծագործողներին, որ երբեք չհանձնվեն ու չվախենան առաջ գնալ, պայքարեն երազանքների համար:

8D1A1931.jpg (539 KB)

Փառատոնը համագործակցել է ՅՈՒՆԻՔ Հայաստանի հետ, որի ներկայացուցիչ Յան-Թագե Քյուլինգի խոսքով՝ ՅՈՒՆԻՔ-ը հնարավորություն է տալիս արժեքները գործողության մեջ տեսնել, այն պետությունների, մարդկանց համագործակցություն է ընդհանուր արժեքների շուրջ: «Ինձ համար մշակույթին, արվեստագետներին աջակցելը, պատմություններ պատմելը, միմյանց լսելն ու միմյանցից սովորելը երբեմն բարդ է: Անդամ պետությունների հետ քննարկումներ ենք անցկացնում, երբեմն բանավիճում, սակայն գալիս ենք այն եզրակացության, որ կարևորը կամուրջներ կառուցելն է, ուստի ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել փառատոնի հետ»,-նշեց նա:

8D1A1951.jpg (493 KB)

Փառատոնի ֆիլմերի ծրագրի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը կարծում է Եվրոպական ֆիլմերի փառատոնը հանդիսատեսի ամենասիրած միջոցառումներից է, որովհետև այն բացառիկ հնարավորություն է տալիս երևանյան մեծ էկրանին դիտել ֆիլմեր, որոնք հաճախ չեն ցուցադրվում: «Այս տարի մեծ աշխատանք ենք տարել Եվրամիության պատվիրակության հետ 23 ֆիլմ ներկայացնելու համար, ինչը բացառիկ թիվ է, երբեք այդքան ֆիլմ չի ցուցադրվել: Ամեն ֆիլմ աննկարագրելի արժեք ունի, ներկայացնում ենք տվյալ երկրի այս կամ նախորդ տարվա լավագույն ֆիլմերը: Ցուցադրելու ենք այնպիսի կինոռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Ռադու Ժուդեն, Մաթիաս Գլասները, որոնք եվրոպական կինոյի հնչեղ անուններ են և նրանց աշխատանքները միշտ ընդգրկվում են միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում»,-շեշտեց Հովհաննիսյանը:

8D1A1966.jpg (546 KB)

Փառատոնում ընդգրկված են ֆիլմեր Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հայաստանից։

Ֆիլմերի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական կինոյին և այն կարևոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։ Մի շարք հետաքրքիր ֆիլմերի կողքին փառատոնին կցուցադրվեն Մարկ դի Դոմենիկոյի և Շառլ Ազնավուրի «Ազնավուրը ըստ Ազնավուրի» կինոնկարները, որը հատուկ է ընտրվել, քանի որ այս տարի նշվում է մեծն շանսոնյեի 100-ամյա հոբելյանը:

Փառատոնն անցկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում