ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջութակահար Անի Աղաբեկյանը մեծ պահանջարկ ունեցող երաժիշտ է, որ հանդես է գալիս միջազգային տարբեր հարթակներում թե՛ կամերային համերգներով, թե՛ տարբեր նվագախմբերի հետ համագործակցելով: Նա կատարում է ինչպես բարոկ դարաշրջանի երաժշտություն, այնպես էլ մերօրյա ստեղծագործություններ, սակայն Աղաբեկյանի համար շատ կարևոր է հայ կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործություններն աշխարհում առավել ճանաչելի դարձնելը: Հենց այդ նպատակով 2011 թվականին հիմնադրել է Գերմանահայկական երաժշտության միությունը: Միության գործունեության շրջանակում դասական և ժամանակակից հեղինակների գործերը հնչում են Գերմանիայում, այլ երկրներում, ականավոր պրոֆեսորներն արտերկրից ժամանում են Հայաստան և վարպետության դասեր անցկացնում շնորհաշատ երիտասարդ երաժիշտների հետ:
Այս տարին բացառություն չէ: Աղաբեկյանի ջանքերով օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել պրոֆեսոր, դաշնակահար Զոնթրաուդ Շպայդելը,որը վարպետաց դասեր է անցկացրել և մասնակցել համերգային ծրագրի:
Օգտվելով այն փաստից, որ Աղաբեկյանն ու Շպայդելը Երևանում են՝ «Արմենպրես»-ի թղթակիցը նրանց հետ զրուցել է միության գործունեության, վարպետության դասերի և հայկական երաժշտության մասին:
«Միության նպատակն է հայկական երաժշտությունը ներկայացնել արտերկրում, հանրահռչակել հայ կոմպոզիտորներին, համադրել գերմանական և հայկական երաժշտությունը՝ երկու ազգերի հեղինակներին հնարավորություն տալով հանդես գալ նույն բեմում: 2012 թվականից գերմանահայկական համերգաշարն ենք իրականացնում, որն ամենամյա է»,-նշում է Անի Աղաբեկյանն ու հավելում՝ միություն հիմնելու գաղափարը ծնվել է, երբ մի երեկոյի ընթացքում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, բայց շատերը չեն իմացել, թե հեղինակը որ երկրից է: Դա Անի Աղաբեկյանին զարմացրել և տխրեցրել է. որոշել է ինչ-որ բան փոխել՝ կարևորելով Գերմանահայկական միության ստեղծումը:
«Զոնթրաուդ Շպայդելը վարպետաց դասեր է անցկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Մասնակիցները 12-ից 26 տարեկան դաշնակահարներ են, որոնք նախօրոք են դիմել մեզ: Դասերն անվճար են: Դասընթացի մասնակիցների հետ եզրափակիչ համերգը և հանդիսավոր վկայականների հանձնումը տեղի են ունեցել մայիսի 29-ին Կամերային երաժշտության տանը»,-նշում է ջութակահարը:
Երաժիշտը կարծում է՝ վարպետության դասերը մասնակիցներին նոր ազդակներ են տալիս, ավելի լավ պարապելու, հաջողելու, երաժշտությանը նոր տեսանկյունից նայելու առիթ դառնում, կապեր ստեղծում: Պատահել է՝ մասնակիցներից ոմանք կրթությունը շարունակել են Գերմանիայում, ինչը Անի Աղաբեկյանին ոգևորում է:
Հայաստանում դասընթացներ կազմակերպելը մեծ ջանք ու ժամանակ է պահանջում, սակայն նախաձեռնության հեղինակները չեն հանձնվում, քանի որ տեսնում են դրական արդյունքը, պրոֆեսորների ու մասնակիցների ոգևորությունը: «Դասերից մեկի ժամանակ Զոնթրաուդ Շպայդելը մասնակիցներից Դավիթին ասաց, որ այն ստեղծագործությունը, որը նա կատարեց, հիանալի էր, որ վերջին 15 տարվա ընթացքում ոչ ոք այդքան լավ այն չէր կատարել: Պրոֆեսորն անկեղծ էր: Նման խոսքեր լսելուց հետո անհնար է չոգեշնչվել»,-ասում է Աղաբեկյանը:
Շպայդելը մեծ պատիվ է համարում Հայաստանում դասեր անցկացնելը: Երևանում զգում է իրեն ինչպես տանը: Տպավորված է մասնակիցներով, նրանց կատարողական մակարդակով, նվագի որակով, նրանց դասախոսների կատարած աշխատանքով:
Երկար տարիներ աշխատել է հայ երաժիշտների հետ: Նրանք են Կարինե Գևորգյանը, Ռուբեն Մելիքսեթյանը, որն արդեն ինքն է դասավանդում Լայպցիգի համալսարանում, համերգներով հաճախ հանդես է գալիս Անի Աղաբեկյանի հետ: Շպայդելի մոտ է սովորել հանրահայտ դաշնակահար Լուսինե Խաչատրյանը: «Անի Աղաբեկյանն ինձ համար շատ ջերմ ընդունելություն էր կազմակերպել այստեղ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Երբ քեզ շատ ջերմ են ընդունում, ասես պարտավորվում ես լավ խոսքեր ասել, բայց այս պարագայում ես շատ անկեղծ եմ և իսկապես շնորհակալ եմ»,-ընդգծում է Շպայդելը:
Ըստ պրոֆեսորի՝ յուրաքանչյուր երաժիշտ կարող է ինչ-որ պահի կասկածել՝ ճ՞իշտ է ընտրել ճանապարհը, թե՞ ոչ, կարող է կանգնել դժվարությունների առաջ, սակայն դա նաև լավ է: «Եթե կասկածում ես, հարցեր ես տալիս, այդ ժամանակ ինքդ քեզ ես բացահայտում: Ուսանողներիս ոգևորում եմ, որ շարունակեն իրենց աշխատանքը»,-նշում է Զոնթրաուդ Շպայդելը: Նա վարպետաց դասերի մեկնարկային համերգին նվագել է Անի Աղաբեկյանի հետ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ կատարել են Մենդելսոնի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև Միրզոյանի սիմֆոնիան: Համերգը ղեկավարել է ԱՄՆ-ից ժամանած դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը:
«Գերմանական երաժշտությունն ունի իր առանձնահատկությունները, կառուցվածքը: Նույնը կարելի է ասել հայկական երաժշտության մասին, որը շատ էմոցիոնալ է: Հնարավոր չէ նվագել որևէ հայկական ստեղծագործություն և լիարժեք չզգալ այն: Ռուբեն Մելիքսեթյանի հետ նաև ձայնագրել ենք Ալեքսանդր Հարությունյանի սոնատը, ինչպես նաև՝ Գագիկ Հովունցի սոնատը, որը կատարել ենք Շպայդելի հետ»,-նշում է Անի Աղաբեկյանը: Կարևորում է նաև Armenian Classics ձայնասկավառակի թողարկումը, որում Աղաբեկյանը, Շպայդելն ու Վոլֆգանգ Մայերը կատարել են Խաչատրյանի տրիոն:
Տարվա ընթացքում Աղաբեկյանը երկու կամ երեք անգամ գալիս է Հայաստան, փորձում գոնե մեկ համերգով ներկայանալ ունկնդրին:
Նա երաժշտության աշխարհը բացահայտել է յոթ տարեկանում: Ջութակ նվագել է սովորել Յուրի Ավետիսյանի և Լևոն Մակարյանի դասարաններում։ 1999 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի դասարան:
Պատանեկան տարիքից նրա նվագն աչքի է ընկել հասունությամբ ու բարձր կատարողական տեխնիկայով` արժանանալով անվանի երաժիշտների բարձր գնահատականին: Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Աղաբեկյանին անվանել է «փոքրիկ Պագանինի»: Երաժշտական ուսումը շարունակել է Գերմանիայի Կարլսրուեյի կոնսերվատորիայում` լեգենդար պրոֆեսոր Յոզեֆ Ռիսինի դասարանում: Մասնակցել է Ռայնհարդ Հաուֆեյի, Քրիստիան Ալտենբուրգերի, Ֆելիքս Գոտլիբի, Մարիա Էգելհոֆի, Ալեքսանդր Վինիցկու և Ալեքսանդր Ռուդինի վարպետության դասերին:
«Որպես կատարող արտերկրում մեծ հնարավորություններ ես ստանում, սակայն հայաստանյան ուսումը տեսական առումով շատ լավ հիմք է դնում: Եվրոպայում մասնագիտական հարուստ փորձ ես ձեռք բերում»,-շեշտում է ջութակահարը: Աղաբեկյանը երաժշտությունն իր կյանքն է համարում, նշում, որ այն աշխատանք չէ: «Մենք ապրում ենք երաժշտությամբ, մեզ համար չկան շաբաթ կամ կիրակի: Եթե այլ մասնագիտություն ունեցող մարդիկ կարող են երկուշաբթիից մինչև ուրբաթ աշխատել, հետո հանգստանալ, ապա երաժիշտներն աշխարհից դուրս ժամացուցակ ունեն: Մեր անձնական ժամացուցակն էլ է տարբերվում: Ինձ թվում է՝ շատ բարդ է այն մարդկանց վիճակը, որոնց համար երաժշտությունն ուղղակի մասնագիտություն է»,-կարծում է նա:
Անի Աղաբեկյանը շատ է ցանկանում, որ հայ դասական մշակույթն ավելի շատ ներկայացվի մամուլում, հեռուստատեսությունում, աշխարհում տարածվի, լուսաբանվի հայկական մշակույթը: Նա երջանկանում է, երբ գալիս է Հայաստան ու տեսնում, որ մշակութային կյանքը եռում է. շատ են համերգները, ներկայացումները: Երևան գալով՝ անպայման թատրոն է այցելում:
Աղաբեկյանը 2024-ի ապրիլից Բադեն Վյուրթեմբերգում ՀՀ պատվո հյուպատոսի մշակութային հարցերով հանձնակատար է: Նա վստահեցնում է՝ կանի հնարավորը հայ-գերմանական մշակութային կապերն առավել ամրապնդելու, դրանց զարգացմանը նպաստելու համար:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի