Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն օրենսդիր մարմինն ընդունել է մայիսի 28-ին`հաղթահարելով նախագահի վետոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապուաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։

««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հենց երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Հասկանալի է, որ նա (Զուրաբիշվիլին) մեծ հավանականությամբ չի ստորագրի այն: Հետևաբար, այս օրենքը կստորագրեմ ես», - խորհրդարանի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե ​​պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն ​​չստորագրի, ապա օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում