ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մայիսի 26-ի վաղ առավոտից Ալավերդիում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։