Տարածաշրջանային

Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարից զոհված նախագահ Ռայիսիին և նրա պատվիրակությանը հրաժեշտ տալու արարողությունը

2 րոպեի ընթերցում

Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարից զոհված նախագահ Ռայիսիին և նրա պատվիրակությանը հրաժեշտ տալու արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում սկսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող 7 պաշտոնյաների հուղարկավորության արարողությունը, որը կտևի երեք օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

8 զոհերի հուղարկավորության արարողությունը սկսվել է Թավրիզում՝ մայիսի 21-ի առավոտյան։ Մեկ այլ արարողություն պետք է տեղի ունենա Ղոմ քաղաքում՝ երեկոյան։

Ըստ հրապարակման՝ այնուհետև զոհերի մարմինները կտեղափոխվեն Թեհրան, որպեսզի գիշերը մարդիկ նրանց հրաժեշտ տան Մոսալլայի մեծ մզկիթում։

Մայիսի 22-ի առավոտյան տեղի կունենա մահացածների համար ծիսական աղոթք, և մարդիկ կմասնակցեն թաղման թափորին, որը կանցնի Թեհրանի համալսարանից մինչև Ազատության հրապարակ։

Իսկ մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։

Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները։ Երկրում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 28-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում