Տարածաշրջանային

Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ներքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ նախագահական ուղղաթիռում գտնվող ուղևորների մարմինները հնարավոր է ճանաչել և ԴՆԹ թեստավորման անհրաժեշտություն չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA-ն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին մանրամասնել է, որ բոլոր աճյունները հնարավոր է եղել ճանաչել, որոնք փոխանցվել են դատաբժշկական փորձաքննության:

Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ մահացածներից միայն Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ այաթոլլահ Ալ-Հաշեմի մարմինն է համեմատաբար պահպանված, ով ուղղաթիռի վթարից հետո մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ։

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Մայիսի 20-ի առավոտյան շարունակական ջանքերից հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել նախագահական ուղղաթիռի կործանման վայրը և զոհերի մարմինները։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը մինչև ընտրությունների անցկացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում