«Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագրի ներքո բացվել է «Երիտասարդական էքսպո 2024» ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» ցուցահանդեսի բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցահանդեսը կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է. «Ժողովրդավարական երկրում առաջնային է ապահովել հասարակական կյանքում քաղաքացու արդյունավետ մասնակցությունը՝ իրացնելու համար նրա կարողություններն ու ռեսուրսները: Կարևոր են ոչ միայն գիտելիքն ու հմտությունները, որոնց տիրապետում է քաղաքացին, այլև գիտակցումը, որ հենց ինքն է փոփոխություն բերողը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հանրակրթական նոր չափորոշիչը դպրոցն ավարտողների համար սահմանել է ակնկալվող կարողունակություններ և վերջնարդյունքներ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորումն է. «Ակնկալում ենք, որ, դպրոցն ավարտելուց հետո տիրապետելով այդ կարողունակությանը, սովորողները նպաստելու են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը»։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը: Այդ նպատակով մարզերում իրականացվում է երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ 4 կենտրոն արդեն գործում են Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Ապարանում: Եվս երեք կենտրոն առաջիկայում նախատեսվում է բացել Ախուրյանում, Ծովագյուղում և Արարատում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում անցկացվող երիտասարդական ցուցահանդեսը՝ որպես ժողովրդավարության մեջ քաղաքացիական ակտիվ մասնակցության հարթակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը ներկաներին՝ որպես հասարակական կազմակերպություններ, կոչ է արել իրենց առաջիկա միջոցառումները նախատեսել այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Գավառում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ևս ողջունել է ներկաներին և նշել. «Երիտասարդները բերում են նոր հեռանկարներ և ավյուն՝ ի նպաստ տնտեսական զարգացումների, ժողովրդավարության առաջխաղացման և սոցիալական առաջընթացի: «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի նման հարթակները՝ ներառյալ այս ազդեցիկ երիտասարդական էքսպոն, նախաձեռնվել են աջակցելու ձեզ այդ գործընթացում՝ ստեղծելով հնարավորություններ ամրապնդելու ձեր նախաձեռնողականությունը և ակտիվորեն ներգրավվելու ձեր համայնքներում, կրթօջախներում, ընտանիքներում և այլն»:

Նշվում է, որ ավելի քան 20 ՀԿ-ներ՝ Երևանից, Գավառից, Գորիսից, Եղեգնաձորից, Վայքից, Արմավիրից, Վաղարշապատից, Գյումրուց, Վանաձորից, Ստեփանավանից, Ալավերդուց և Իջևանից, ցուցահանդեսին մասնակցող ավելի քան 200 երիտասարդներին ներկայացրել են նրանց համար նախատեսված իրենց ծրագրերը, ծառայությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների առաջարկները:

Երիտասարդները մասնակցել են երկու պանելային քննարկումների հետևյալ թեմաներով՝ «Ինչպե՞ս ներգրավել երիտասարդներին երիտասարդական ծրագրերում», «Պետական մարմինների, ՔՀԿ-ների և սոցիալական մեդիա հարթակների դերը երիտասարդների քաղաքացիական կրթության և ներգրավվածության գործընթացներում»:

Ծրագրի նպատակն է երիտասարդների և բոլոր դերակատարների հետ համատեղ լուծումներ փնտրել՝ դիմակայելու համար դժվարություններին, որոնց բախվում են երիտասարդները, փոխանակելու համար երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման փորձառությունը, գտնելու համար համագործակցության նոր հնարավորություններ։

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը