Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

3 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 14-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շնորհակալություն հայտնեց օրվա բոլոր գործողությունների մասնակիցներին, ովքեր առավոտից գտնվել են տարբեր վայրերում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման գործընթացի առնչությամբ։

Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց ԵՊՀ կատարած այցի մասին՝ նշելով, որ պետհամալսարանի և շրջակա բուհերի մեծաթիվ ուսանողներ ներկա էին իր հետ հանդիպմանը։ Ըստ նրա` ուսանողներն իրենց քաղաքացիական պարտականությունը, ազգային, հոգևոր զգացումները կարողանում են լիուլի արտահայտել ոչ միայն լսարաններում, այլև այգիներում, փողոցներում, եկեղեցիներում։ Նա հավաստիացրեց, որ շատ զգույշ է խոսել, զրպարտող ոչ մի բան չի ասել։ Նա տեղեկացրեց նաև, որ այցելել է Ժուռնալիստների միություն, իսկ հետո մետրոյով գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակ և հանդիպել բնակիչների հետ։

Հանրահավաքում նշվեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ, ինչի արդյունքում 63 քաղաքացի բերման է ենթարկվել իրավապահների կողմից, սակայն որոշ ժամանակ անց բոլորն ազատ են արձակվել։

«Ամեն երեկո մենք կփորձենք փոքրիկ գաղափարական թեզեր փոխանցել ձեզ՝ որոշակի դիրքորոշմամբ ու վերլուծությամբ, որպեսզի միասին մտորելու առիթ ունենանք և պատկերացում կազմենք այն մասին, թե ինչ ենք ուզում, ինչպես ենք տեսնում երկրի ապագան։ Արդեն հայտարարել եմ, որ հանդիպելու ենք մեր հասարակական-քաղաքական կյանքում դերակատարություն ունեցող գործիչների, կուսակցությունների և կազմակերպությունների հետ։ Այսօր հանդիպել ենք խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, երեկ հանդիպել ենք նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի հետ՝ բավականին երկար քննարկելով առկա խնդիրները։ Կիսվել ենք պատկերացումներով, գաղափարներով ու ստացել առաջարկություններ։ Հանդիպելու ենք նաև ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։ Մենք ավելի մեծ ներկայությամբ ու մասնակցությամբ անելիքներ ունենք»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` շեշտելով, որ կոչված են ամբողջ էներգիան և հոսանքը հասցնել արդյունքի։ Իսկ թե ինչ տեսք պետք է ունենա սպասված արդյունքը, դա էլ, ըստ նրա, կազմում է ճանապարհային քարտեզի կարևոր մասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում