Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում և զրոյացում․ վարչապետը ներկայացեց իր տեսլականը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը տարածաշրջանային պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է Վրաստանի և Իրանի հետ խորացնել և զարգացնել բարիդրացիությունը, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ թշնամությունը կառավարել, նվազեցնել և զրոյացնել, ինտեգրել տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները, հաստատել խորացնել և զարգացնել տնտեսական կապերը։
Վարչապետը մեկնաբանեց, թե ինչ է նշանակում «թշնամության կառավարում» արտահայտությունը։
«Թշնամության կառավարում նշանակում է նախ այնպես անել, որ այդ թշնամությունը անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում, երկրորդը՝ հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,- ասաց վարչապետը։
Այդ համատեքստում վարչապետը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև, ըստ վարչապետի, թշնամության կառավարման նվազեցումը և զրոյացումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են և այդ հաղորդակցությունը օգտագործվում է գործարարության նպատակների համար, և զուգորդված տնտեսական շահով՝ կարելի է երկարաժամկետ կտրվածքով քաղաքական իրագործելի խնդիր համարել նաև այս հարցը։