Հարցազրույց

Ozon-ի շնորհիվ հայ գործարարների ամսական շրջանառությունը միջինում 3 անգամ ավելանում է․ հարցազրույց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրենի հետ

16 րոպեի ընթերցում

Ozon-ի շնորհիվ հայ գործարարների ամսական շրջանառությունը միջինում 3 անգամ ավելանում է․ հարցազրույց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ աշխարհը թվայնացվում է․ թրենդներից հետ չի մնում նաև Հայաստանը։ 2023 թվականի ամռանը հայկական շուկա մուտք գործեց Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենամեծ մարքեթփլեյսը՝ Ozon-ը։ Ընկերությունը մի շարք հեռանկարային ծրագրեր ունի Հայաստանում և արդեն հայտարարել է բազմաթիվ հավակնոտ նախագծերի մասին։ Առցանց առևտրի, Ozon մարքեթփլեյսի հայաստանյան հեռանկարների, ինչպես նաև հայ գործարարներին առաջարկվող հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանի հետ։

-Դուք հայկական շուկա մուտք գործեցիք անցյալ տարի։ Ինչո՞ւ է հայկական շուկան հետաքրքիր Ozon-ի համար։

-Ozon-ը ԱՊՀ երկրներում իր բիզնեսը զարգացնում է 2021 թվականից, ուստի Հայաստանում ներկայացուցչություն բացելու որոշումը տրամաբանական քայլ էր տարածաշրջանում մեր ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ։ Առցանց առևտուրն այժմ ակտիվորեն զարգանում է Հայաստանում. միայն 2023 թվականին Հայաստանի բնակիչներն առցանց գնումների վրա ծախսել են շուրջ 449 միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ հասարակության աճող թվայնացման հետ մեկտեղ էլեկտրոնային առևտրի տեսակարար կշիռը երկրում միայն կավելանա։ Մենք մեր կողմից ցանկանում ենք և պատրաստ ենք նպաստել հանրապետությունում այս ոլորտի զարգացմանը՝ հայ ձեռներեցներին հնարավորություն տալով հաջող վաճառել, իսկ գնորդներին՝ առանց տնից դուրս գալու հարմարավետ գնումներ կատարել։

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում էլեկտրոնային առևտրի շուկան Հայաստանում:

-Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկան համեմատաբար երիտասարդ է և հատկապես ակտիվորեն սկսեց զարգանալ Covid-ի սահմանափակումների ժամանակ՝ համաճարակի առաջին տարում առցանց առևտրի շրջանառությունը երկրում եռապատկվեց։ Առցանց վաճառքի ակտիվ զարգացմանը նպաստում է պետության դիրքորոշումն ու տարվող բարեփոխումները, ինչպես նաև միջազգային խոշոր խաղացողների մուտքը տեղական շուկա։ Մի կողմից մարդիկ սկսեցին հասկանալ, թե որքան հարմար է մարքեթփլեյսներից ապրանքներ գնելը. առնվազն կարիք չկա ժամանակ վատնել խանութ գնալու և դրամարկղի մոտ հերթեր կանգնելու համար: Մյուս կողմից, նման հարթակների շնորհիվ ավելի ու ավելի շատ տեղական ձեռներեցներ հնարավորություն են ստանում իրենց բիզնեսը ծավալել նոր շուկաներում։ Եթե ​​խոսենք մեր մասին, ապա այս պահին Ozon-ում Հայաստանից գրանցված են 2500-ից ավելի ձեռնարկատերեր։ Միջին հաշվով, ամեն ամիս շրջանառությունն ավելանում է 3 անգամ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում վաճառքի շնորհիվ։

-Հայկական ո՞ր ապրանքներն են հետաքրքրություն առաջացնում արտաքին շուկայում։ Որքա՞ն արագ է աճում Ozon-ի ապրանքների տեսականին Հայաստանում:

-Ինչպես արդեն նշեցի, մենք հայ ձեռնարկատերերին հասանելիություն ենք տալիս Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների մեր 46 միլիոն ակտիվ գնորդների բազային: Մեր հարթակում հայ գործարարների կողմից ամենավաճառվող 5 կատեգորիաներն են՝ էլեկտրոնիկա, գեղեցկությանն ու առողջությանը վերաբերող ապրանքներ, սպորտային ապրանքներ, հագուստ և կենդանիների պարագաներ: Ամեն ամիս տեղական վաճառողներից պատվերների թիվն աճում է առնվազն 2 անգամ, ինչը տրամաբանորեն հանգեցնում է նրանց շրջանառության կայուն աճին:

Ընդհանուր առմամբ, մեր հարթակում այժմ առկա է մոտ 370 միլիոն ապրանք՝ ավելի քան 20 կատեգորիաներում: Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին եղել է մոտ 170 միլիոն․ մեկ տարվա ընթացքում կայքի տեսականին ավելացել է ավելի քան երկու անգամ։ Մարքեթփլեյսի տեսականու ավելի քան 90%-ը ձևավորվել է վաճառողների կողմից, այդ թվում՝ հայկական: Ես իմ խնդիրն եմ համարում ապահովել, որ հնարավորինս շատ հայկական ընկերություններ կարողանան օգտվել այս հնարավորությունից:

-Ներկայումս Ozon-ն առաքման ի՞նչ եղանակներ ունի Հայաստանում։

-Յուրաքանչյուր երկրում, որտեղ գործում է Ozon-ը, հատուկ ուշադրություն է դարձնում իր լոգիստիկ ցանցի զարգացմանը: Մենք համագործակցում ենք տրանսպորտային ընկերությունների, սուրհանդակային ծառայությունների և ազգային փոստային օպերատորների հետ, ինչպես նաև ավելացնում ենք պատվերների հանձնման բրենդային կետերը, որպեսզի հաճախորդները կարողանան իրենց պատվերը ստանալ հարմար եղանակով:

Այսօր Հայաստանի բնակիչներն իրենց ապրանքները կարող են ստանալ Հայփոստի փոստային բաժանմունքից կամ Ozon-ի ապրանքների հանձնման կետից։ Մենք արդեն բացել ենք ավելի քան 192 հանձնման կետեր ամբողջ հանրապետությունում, իսկ մինչև տարվա վերջ նախատեսում ենք ընդլայնել հանձնման կետերի ցանցը մինչև 500-ի:

Եթե ​​չեք ցանկանում տնից դուրս գալ կամ, օրինակ, ծանր ապրանք եք պատվիրել, կարող եք օգտվել Հայփոստի սուրհանդակային առաքումից։ Ավելին, շատ շուտով երևանցիների համար հասանելի կլինի նաև անմիջապես Ozon-ի կողմից առաքման տարբերակը։

02.jpg (183 KB)

-Պատրաստվո՞ւմ եք Հայաստանում պահեստ բացել հաճախորդների սպասարկումը բարելավելու համար: Ինչպե՞ս է կարգավորվելու հայ վաճառողների ապրանքների պահպանումն այլ երկրներում։

-Ինչ վերաբերում է մեր լոգիստիկ ենթակառուցվածքին՝ անցյալ տարի մենք Երևանում բացեցինք տեսակավորման կենտրոն՝ մոտ 2000 քմ ընդհանուր մակերեսով, որն օգտագործվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների պատվերների մշակման համար։ 2024 թվականին մենք էլ ավելի հավակնոտ խնդիր ունենք՝ նախատեսում ենք ընդլայնել այն 1,5 անգամ՝ առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան սկսելու համար, որը կներառի նաև ապրանքների պահեստավորում և փաթեթավորում։

Նաև մինչև 2-րդ եռամսյակի ավարտը մենք կգործարկենք Երևանի պահեստի միջոցով հայկական ապրանքները ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան ապրանքները հնարավորինս մոտ պահել ռուս սպառողին և կրճատել առաքման ժամանակը:

Բացի այդ, արդեն մայիսին վաճառողները կկարողանան գնորդներին առաքվող ապրանքները փոխանցել Հայաստանի ողջ տարածքում գործող 192 ապրանքների հանձնման կետերից որևէ մեկում։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման համար պահանջվող ծախսերն ու ժամանակը:

Ընդհանուր առմամբ, այս տարվա համար մենք իսկապես հավակնոտ ծրագրեր ունենք՝ ընդլայնելու մեր լոգիստիկ գործունեությունը Հայաստանում և արագացնելու ապրանքների առաքումը։

-Ի՞նչ դեր կարող է ունենալ Ozon-ը Հայաստանի տնտեսական զարգացման գործում։ Ինչպիսի՞ն են Հայաստանում Ozon-ի վաճառքի ցուցանիշները:

-Դեռ մեկ տարի չկա, ինչ Ozon-ը մուտք է գործել Հայաստան և արդեն ունի ամսական ավելի քան 170 հազար ակտիվ հաճախորդ և օրական ավելի քան 5000 պատվեր, ինչը վկայում է մեր հարթակի նկատմամբ օգտատերերի վստահության աճի մասին։ Ավելին, Հայաստանից ունենք 2500-ից ավելի գրանցված ձեռնարկատեր, որոնց շրջանառությունը ամսական միջինը 3 անգամ ավելանում է։

Երկրում տեղական ձեռներեցության զարգացումը մեր հիմնական նպատակներից մեկն է: Դրա համար մենք հայ գործարարներին տրամադրում ենք վաճառքի հսկայական շուկա՝ 46 միլիոն ակտիվ գնորդներով: Իսկ նրանց համար, ովքեր առևտրով չեն զբաղվում, մենք հնարավորություն ենք տալիս բացել պատվերների հանձնման կետեր՝ Ozon-ի ֆրանչայզինգի ներքո: Բացի այդ, Երևանի մեր գրասենյակի աշխատակիցները Հայաստանի քաղաքացիներ են։ Մենք նաև պահեստներ ենք կառուցում հանրապետությունում, ինչը նոր աշխատատեղեր է ստեղծում։ Մենք բոլոր հարկերը վճարում ենք տեղական բյուջե։

Էլեկտրոնային առևտրի ոլորտը երկրում իսկապես արագ է աճում, ինչը հսկայական հնարավորություններ է տալիս շուկայի բոլոր մասնակիցների համար:

-Մարքեթինգային և ապրանքների առաջխաղացման ինչպիսի՞ ռազմավարություններ է օգտագործում Ozon-ը հայաստանյան շուկայում։

-Որպես շուկայի նոր մասնակից, մենք իսկապես մեծ ներդրումներ ենք կատարում մարքեթինգային նախագծերում՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար: Այսպիսով, անցած դեկտեմբերին մենք արտաքին գովազդ տեղադրեցինք Հայաստանի 26 քաղաքներում։ Այս տարի սկսեցինք ակտիվորեն աշխատել տեղական բլոգերների հետ, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում էջ բացեցինք մեր հաճախորդների համար:

Եվ, իհարկե, մենք մեծ ներդրումներ ենք կատարում զեղչերի և տարաբնույթ ակցիաներ կազմակերպելու համար: 2024 թվականի համար մենք նախատեսում ենք շուրջ 15 զեղչային ակցիաներ, ինչը վաճառողներին թույլ կտա մեծացնել ցուցադրվող ապրանքների գրավչությունը։ Գնորդները իսկապես սիրում են ակցիաներ և զեղչեր, սա վաճառողների համար ամենաարդյունավետ վաճառքի գործիքներից մեկն է: Անցյալ տարվա մեր տվյալների համաձայն՝ ավելի քան 35 միլիոն հաճախորդ առնվազն 1 անգամ օգտվել է հայտարարված ակցիաներից, ինչը կազմում է Ozon-ի բոլոր հաճախորդների 83%-ը։

-Համեմատած այլ առցանց հարթակների՝ որո՞նք են այն հիմնական մրցակցային առավելությունները, որ Ozon-ն առաջարկում է հայաստանյան սպառողներին։

-Հաճախ Ozon-ում դուք կարող եք գտնել ապրանքներ, որոնք չեք կարող գնել այլ տեղից։ Մենք նաև մշտապես մեծ զեղչային ակցիաներ ենք հայտարարում, ինչը հնարավորություն է տալիս գնել ապրանքների լայն տեսականի շատ մրցունակ գներով: Եթե ​​ապրանքը չի համապատասխանում կարիքներին, մենք վերադարձի համար լրացուցիչ վճարներ չենք գանձում, այնպես որ դուք կարող եք ապահով պատվիրել հագուստ և աքսեսուարներ Ozon-ից և փորձել դրանք հանդերձարաններում․ Հայաստանի բոլոր պատվերների հանձնման կետերում առկա են հանդերձարաններ:

-Հայաստանյան շուկայում իր ներկայությունն ընդլայնելու ի՞նչ ծրագրեր ունի Ozon-ը։

-Այս տարվա մեր հիմնական նպատակներից մեկը մեր հաճախորդների համար առաքման ժամկետների կրճատումն է: Դրան հասնելու համար մենք

կշարունակենք ակտիվորեն ներդրումներ կատարել երկրում մեր լոգիստիկ կարողությունների հզորացման գործում: Մասնավորապես, Երևանում կընդլայնենք տեսակավորման կենտրոնի տարածքը 2000-ից մինչև 3000 քմ և կգործարկենք Fulfillment կենտրոն: Նաև մոտ ապագայում հայ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները Ռուսաստան մատակարարել cross-docking մեթոդով, այսինքն՝ ապրանքները ռուսական պահեստներ ուղարկել Երևանի պահեստի միջոցով։

Ավելին, մինչև 2024 թվականի ավարտ մենք նախատեսում ենք ընդլայնել Ozon-ի պատվերների հանձնման կետերի ցանցը՝ հասցնելով մինչև 500-ի: Սա կհեշտացնի պատվերների ստացումն ու վերադարձը, ինչպես նաև ավելի կմոտեցնի մեզ հաճախորդներին: Բացի այդ, վաճառողները շուտով կկարողանան ապրանքները հանձնել իրենց ամենամոտ պատվերների հանձնման կետերում․ այլևս ստիպված չեն լինի գնալ մեր տեսակավորման կենտրոն: Սա Ozon-ում ապրանքները վաճառելու լավ հնարավորություն է հատկապես մարզային գործարարների համար, քանի որ հարկավոր չի լինի ապրանքը հասցնել երևանյան տեսակավորման կենտրոն։

Մենք իսկապես հավակնոտ ծրագրեր ունենք 2024 թվականի համար, որոնք բխում են առաջին հերթին մեր գնորդների և վաճառողների կարիքներից և շահերից։ Մեր հաճախորդների սպասարկման բարելավումը մեր առաջնահերթությունն է:

-Անվտանգության և տվյալների պաշտպանության ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Ozon-ը Հայաստանում իր հաճախորդների անձնական տեղեկությունները պահելիս և մշակելիս:

-Մենք՝ որպես Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշորագույն ընկերություն, առավելագույն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր օգտատերերի տվյալների պահպանմանն ու մշակմանը, օգտագործում ենք միայն տվյալների պաշտպանության բարձր տեխնոլոգիական գործիքներ: Մենք ներդրում ենք ժամանակակից կիբեռանվտանգության համակարգեր և տեխնոլոգիաներ՝ համաձայն լավագույն ռուսական և միջազգային փորձի, ստանդարտների և օրենքների: Բացի այդ, կարևոր դեր է խաղում ընկերության ներսում տեղեկատվական անվտանգության և հաղորդակցության բաժնի արդյունավետ կառուցվածքի ստեղծումը, որը թույլ է տալիս վերահսկել բոլոր ներքին և արտաքին գործընթացների անվտանգությունը:

Մենք նաև տվյալների պաշտպանության թիմ ունենք ընկերությունում: Նրանք մշտապես ստուգում են ներքին և արտաքին տեղեկատվական համակարգերը՝ ապահովելու, որ հաճախորդի, աշխատակիցների և գործընկերների տվյալները պաշտպանված են ցանկացած տեսակի արտահոսքից:

Մենք նաև գործարկել ենք Bug Bounty ծրագիրը, որի շրջանակներում մենք պարգևներ ենք վճարում մեր ծառայություններում խոցելի կետեր գտնելու համար: Ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի վերջին, մենք վճարել ենք ավելի քան 400 հազար ռուբլի։

-Ինչպե՞ս է Ozon-ը համագործակցում հայ արտադրողների և ձեռնարկությունների հետ իր տեսականին ընդլայնելու համար:

-Ozon-ում ապրանքներ կարող են վաճառել ինչպես անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ իրավաբանական անձինք: Կայքում վաճառքի մեկնարկի գործընթացը կարող է իրականացվել ընդամենը չորս պարզ քայլով՝ գրանցում և վաճառքի ապրանքների ընտրություն, ապրանքի նկարագրության ստեղծում, վաճառքի սխեմայի ընտրություն (Հայաստանի վաճառողների համար ներկայումս հասանելի են միայն FBS սխեմաները, երբ վաճառողն ինքն է պահում և փաթեթավորում ապրանքը, այնուհետև դրանք փոխանցում է մարքեթփլեյսի աշխատակիցներին՝ առաքումն իրականացնելու համար, և realFBS, երբ ձեռնարկատերն ինքն է կազմակերպում ամբողջ գործընթացը, իսկ Ozon-ը ծառայում է ապրանքի ցուցադրման վայր) և վաճառքի իրականացում: Մոտ ապագայում հասանելի կլինի նաև FBO սխեման, երբ, վաճառողը մեր պահեստում է պահում իր ապրանքի որոշակի խմբաքանակ, և ամբողջ գործընթացը (պատվերի հավաքում, փաթեթավորում և առաքում) իրականացվում է մեր կողմից։

Մենք ակտիվորեն աջակցում ենք վաճառողներին ավելացնելու իրենց շրջանառությունը հարթակում: Նրանց առաջարկում ենք անվճար ուսուցում, ինչպես նաև օգնություն հաճախորդների ներգրավման համար պատասխանատու մենեջերների կողմից, որոնք պատրաստ են պատասխանել սկզբնական շրջանում ծագած ցանկացած հարցի: Ավելին, մենք ձեռնարկատերերին առաջարկում ենք մեր սեփական անվճար վերլուծությունն ու շուկայավարման գործիքների լայն տեսականի՝ հաճախորդներին ինքնուրույն ներգրավելու համար: Նաև Ozon-ն ամբողջ տարվա ընթացքում անցկացնում է տասնյակ գովազդային արշավներ և ավելի քան 8 միլիարդ դրամին համարժեք ներդրումներ է կատարում ապրանքների առաջմղման համար։ Այնպես որ, Ozon-ում վաճառելը հեշտ է, իսկ մնացած հարցերում, իհարկե, կօգնենք։

Կարեն Խաչատրյան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում