Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է:

Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Հետաքրքրվեցինք, թե այդ ուղղությամբ արդեն ընթանո՞ւմ են քննարկումներ և ի՞նչ շրջանակ են դրանք ներառում:

Հարցի վերաբերյալ Հակոբ Վարդանյանը նշել է. «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»:

2022 թվականին Դուբայում «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի տարածքում ռուսական նախագծով միջուկային նոր էներգաբլոկների կառուցման շուրջ հնարավոր համագործակցությունը ուսումնասիրելու նպատակով։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին համաձայնագիր: Հայաստանը մտադի՞ր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և արդյոք դա չի խանգարի՞ ամերիկացիների հետ փոխգործակցությանը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայումս ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով: Որևէ պետության հետ համագործակցությունը չի դիտարկվում և չի կարող դիտարկվել ի վնաս մեկ այլ պետության»,- նշել է փոխնախարարը:

Հայաստանի կառավարությունը հայտարարել է նոր ԱԷԿ կառուցելու մտադրության մասին: Ո՞ր փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ի՞նչ տիպի և հզորության պետք է լինի նոր ատոմակայանը:

«Ներկայումս իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալ, թե Հայաստանի պարագայում որ տեխնոլոգիան և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- հայտնել է Հակոբ Վարդանյանը:

Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում քննարկել էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հանդիպումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը:

«Մենք առաջարկում ենք երկու ճանապարհ: Առաջնային է գործող ատոմակայանի անվտանգության և արդյունավետության ուսումնասիրությունը: Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը դիտարկում է միջուկային ոլորտում հնարավոր էներգետիկ համագործակցության տարբերակները։ Ամենից առաջ պետք են գիտական ​​փոխանակումներ՝ հնարավոր հետազոտության բաղադրիչը ուսումնասիրելու համար: Դրան կհաջորդեն ատոմակայանի փոխարինելիության և, վերջապես, ֆինանսական բաղադրիչի գնահատման հարցերը»,- նշել էր Ջեյմս Օ’Բրայենը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ներկայումս գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Վերջին տարիներին կայանում կատարվել են շահագործման երկարաձգմանը միտված տեխնիկական արդիականացման աշխատանքներ:

Հրայր Նազարյան

Հայերեն Español Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս