ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիան ողջունել է սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը։
«Նորվեգիան ողջունում է քաջալերող լուրերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ առաջաընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք հետագայում տեսնել ավելի շատ առաջընթաց այս կարևոր աշխատանքում՝ միտված արդյունքի, որը շահավետ կլինի երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար»,- գրել է Պետերսոնը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավորհարցերին։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջևԽորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։
Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: