Քաղաքականություն

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ կիսում են նույն առաջնահերթությունները՝ զրուցակիցները նախանշել են փոխգործակցության հիմնական ուղղություններն ու պայմանավորվել նպաստել համապատասխան կառույցների միջև կապերի զարգացմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը և մինչ օրս գրանցված հաջողությունները՝ ընդգծելով ընդհանուր տնտեսության մեջ ոլորտի զբաղեցրած էական մասնաբաժինը: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ոլորտի զարգացման գործում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կրթության մեջ նորարար լուծումներին հատկացվող ուշադրությունը՝ այս համատեքստում անդրադառնալով «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռվող հնարավորություններին:

Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ սաուդյան կողմի հաջողությունները՝ զրուցակիցները պայմանավորվել են իրականացնել ձևավորված փորձի փոխանակում և խթանել կապերը ոլորտի առաջատար ընկերությունների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում