ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12-ամյա լիարժեք, անվճար կրթություն՝ նորագույն սարքավորումների կիրառմամբ և ժամանակակից ու էկոլոգիապես բարենպաստ շենքային պայմաններում. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը Հայաստանի մարզերում կրթական նման որակ ապահովելու համար ընդլայնվելու նպատակ ունի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց Հայաստանում AMAA-ի (Armenian Missionary Association of America) ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը՝ ընդգծելով, որ դպրոցը հիմնադրվել է 1998-ին AMAA-ի կողմից՝ բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանների տեսլականի և նրանց առատաձեռնության շնորհիվ:
«Կազմակերպությունն արդեն նշել է իր 100-ամյակը: Այդ բազմամյա պատմության ընթացքում համայնքը բազում ներդրումներ է ունեցել կրթության մեջ: Դպրոցից զատ, ունեինք ցերեկային 6 կենտրոն, որոնցից 2-ը՝ Արցախում: Այս պահին գործող 4 կենտրոն ունենք՝ «Շող» կրթական ցերեկային կենտրոններ: Ունենք նաև կրթաթոշակային աջակցության ծրագիր, որն այս պահին ընդլայնման փուլում է»,- նշեց Դեյիրմենջյանը:
Վերջինս ընդգծեց՝ գործունեության ուղղությունները շատ են, սակայն շեշտադրում են անում կրթության վրա:
«Դպրոցը գործում է ընկերակցության հովանու ներքո և ունի հստակ առաքելություն՝ բարձրացնել մարդուն: Դպրոցը հավասարապես կարևոր ակադեմիական ձեռքբերում է համարում անհատի ձևավորումը և կյանքի հմտությունների ձեռքբերումը: Աշակերտները կրթվում և մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության և աշխատասիրության մթնոլորտում»,- ասաց ընկերակցության ներկայացուցիչը:
Դպրոցի բազմակողմանի կրթությունը պայմանավորված է բարձրակարգ ուսումնական առարկաներով, ինչպիսիք են հայոց լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը, արվեստի դասերով և ակումբներով, ամուր միջառարկայական կապերով, ձեռնարկատիրական դասընթացներով, կյանքի հմտություններ սերմանելով, հուզական և սոցիալական ուսուցում տրամադրելով, բարոյագիտական և բնույթային զարգացում սերմանելով, շրջակա միջավայրի պահպանման ուսուցմամբ, բանավեճի ակումբներով, համակարգչային գրագիտության և ռոբոտաշինության ուսուցմամբ:
«Սա էկոդպրոց է, անցնում ենք ծրագրեր բնապահպանական ուղղություններով, ունենք էկոխմբակներ, գործող ջերմոց, կանաչ բակ, տանիքի տնկիներ: Արժանացել ենք Silver LEED Certificate-ի, ձգտում ենք Gold-ի: Մենք ուզում ենք, որ երեխան գիտակցի, թե որքան կարևոր է էներգիան ճիշտ օգտագործելը, բնության հետ հաղորդակից լինելը, բնությունից առնել և հետ վերադարձնելը: Տեսակավորում ենք աղբն, ու այստեղ անպետք իրերին երկրորդ կյանք է տրվում»,- պատմեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը՝ խոսելով դպրոցի էկոգործունեությունից:
Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերով, կանաչ տանիքներով և ոչ միայն:
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել տարբեր կառույցներից, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության (խմբ․ այժմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կողմից: Մրցանակներով չեն զիջում նաև դպրոցի սաները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն օլիմպիադաներին և զանազան միջոցառումների:
«Դպրոցն ունի մեկ յուրահատկություն. աշխատում ենք դասերը սովորեցնել միայն դասաժամին, որպեսզի չմարի երեխաների սերը գրքի, գրականության նկատմամբ: Այստեղ սովորում են սկզբնաղբյուրներով: Տնային աշխատանքները՝ որպես այդպիսին, շատ քիչ են: Աշխատում ենք նաև երկարօրյա ռեժիմով»,- մանրամասնեց տնօրենը:
Նա պատմեց՝ նոր «կանաչ» դպրոցը՝ 10 հազար քառակուսի մետր տարածությամբ, ունի սարքավորումներով հագեցած, լուսավոր, ընդարձակ ու հարմարավետ դասասենյակներ, երկու փակ մարզասրահներ, լաբորատորիաներ, ճաշարան, հրաձգարան, ընդարձակ դահլիճ՝ իր բեմով և մի շարք այլ հարմարություններ:
«Այստեղ մշակութային հսկայական գործունեություն ենք ծավալում: Գործում են զանազան խմբակներ: Թատերական երկու տեսակի խմբակ ունենք՝ արևմտահայերեն և արևելահայերեն։ 2016 թվականից սկսած՝ ավագ դպրոցում և հիմնական դպրոցի վերջին դասարանում դասավանդվում է նաև արևմտահայերենը, որովհետև դպրոցը ընդունում և ընդունել է Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների: Ունենք նաև աշակերտներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բեյրութից, որոնց ավելացել են նաև Արցախից մեր հայրենակիցները»,- տեղեկացրեց տնօրենը:
Աշակերտների կրթությունն ապահովվում է գերժամանակակից սարքավորումների միջոցով, ինչպիսիք են համակարգիչները, ռոբոտաշինական լաբորատորիաները, լեզվի լաբորատորիաները, բնական գիտությունների՝ լիովին կահավորված լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակները և այլն:
«Երկուշաբթի և ուրբաթ օրերին բարոյագիտական պատմությունների միջոցով երեխաներին ստիպում ենք մտածել, քննարկումներ ենք ունենում նաև բուլինգի շուրջ, որն այսօր ավելի քան արդիական է: Հանդիպումներ ենք ունենում հոգեբանների, դասախոսների, ճանաչված մարդկանց հետ: Մասնագիտական կողմնորոշման համար էլ տարբեր մասնագետների ենք հրավիրում: Ունենք գրականագետների ակումբը՝ «Վերնատունը», որտեղ քննարկվում և հանդիպումներ են լինում գրողների հետ, և երեխաները կարողանում են արտահայտել իրենց կարծիքները»,- ներկայացրեց դպրոցի պատասխանատուն:
Դպրոցից զատ, տարածքում գործում է նաև մանկապարտեզ: Այսինքն՝ այս կենտրոն կարող են հաճախել 4-18 տարեկանները: Տարածքն ամբողջությամբ տեսահսկվում է, որն էլ ապահովում է երեխաների անվտանգությունը թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս:
Դպրոցն ունի 33 դասարան: Դպրոցում աշխատում է 85 մարդ, մանկապարտեզն ունի 52 սան, դպրոցը՝ 870 աշակերտ: ԼՂ-ից բռնի տեղահանված 44 աշակերտ և 2 ուսուցիչ ունեն:
Հայոց Լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Իշխանյանը պատմեց ՝ ավելի քան 30 տարվա մանկավարժ է, անկեղծացավ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվելուց հետո վստահ էր, որ էլ երբեք ի վիճակի չի լինի դասավանդել դպրոցներում ու փոխանցել իր գիտելիքները, չէր պատկերացնում, թե ինչպես պետք է մտնի դասարան ու ասի, թե որտեղից է եկել: Սակայն իր վախերն անհիմն են եղել:
«Դպրոցն օգնում է, որ այս նոր կյանքին ավելի հեշտ ինտեգրվեմ: Դպրոցն, անկեղծ, շատ է օգնում, երբ այստեղ եմ,ավելի հանգիստ եմ ինձ զգում, շատ հաճելի միջավայր է այստեղ․ անձնակազմը, երեխաները, բոլորն օգնում են ինձ ավելի թեթև զգալ: Երբ դպրոցից տուն եմ գնում, կրկին մտքերի մեջ եմ ընկնում: Դպրոցն ինձ օգնում է առաջ շարժվել»,- անկեղծացավ ուսուցչուհին:
ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներ Հայկ Պետրոսյանը, Վահե Ասրիբաբայանը և Երվանդ Սարգսյանը միաձայն ընդգծեցին՝ դպրոցը բարձր կրթական որակ է ապահովում: Կատակեցին՝ սովորելը ոչ մի տեղ էլ հաճելի չէ, բայց վստահ են, որ իրենց կայացման գործում դպրոցը իր մեծ ներդրումն է ունենալու:
Տղաներից երկուսը՝ Հայկն ու Վահեն, ուզում են ծրագրավորող դառնալ: Պատմեցին՝ բարեգործական խմբակ են հաճախում, որը Հայաստանի խոշոր ՏՏ ընկերություններից մեկի հետ է համագործակցում: Դիզայն, մոդելավորում, ծրագրավորում․ խմբակը գործնական շատ գիտելիքներ է տվել: Տղաներից մյուսն էլ՝ Երվանդը, ֆինանսիստ է ուզում դառնալ՝ հետևելով իր պապիկի օրինակին, որի գրած գիրքն էլ դպրոցին են նվիրաբերել: Տղաները միաձայն նշեցին՝ եթե ժամանակը հետ տային, նորից այս դպրոցն էին ընտրելու:
AMAA-ից նշեցին՝ այս պահին քննարկում են միջազգային դոնորների հետ, որ այս դպրոցի հաջող պատմությունը տարածեն դեպի մարզեր: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում նման ձևաչափով դպրոցներ բացելն իրենց տեսլականում է:
Կարինե Տերտերյան
Նկարները՝ Հայկ Հարությունյանի և Մխիթար Խաչատրյանի