Հասարակական

Հայաստանում բացվել է «Մարիոթ» ընտանիքի 4-րդ հյուրանոցային համալիրը

14 րոպեի ընթերցում

Հայաստանում բացվել է «Մարիոթ» ընտանիքի 4-րդ հյուրանոցային համալիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում բացվել է Courtyard by Marriott հյուրանոցային համալիրը` պրոֆեսիոնալ սպասարկում և նոր հեռանկարներ առաջարկելով Հայաստանի զբոսաշրջությանն ու հյուրանոցային ոլորտին։

«Արմենպրես»-ը նոր հյուրանոցային համալիրի բացման, նրա կողմից տրամադրվող ծառայությունների, աշխատակիցների ընտրության գործընթացի, հյուրանոցի յուրահատկությունների և այլ հարցերի շուրջ զրուցել է Courtyard by Marriott հյուրանոցի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելիի հետ։

Tomas_Vesely_Marriott_Interview_2.jpg (935 KB)

-Պարոն Վեսելի, Երևանում Courtyard by Marriott հյուրանոցի բացումը ապրիլի սկզբին էր: Վստահ եմ, որ մարդիկ կցանկանան ավելի շատ մանրամասներ իմանալ այն մասին, թե ի՞նչ հյուրանոցային համալիրի մասին է խոսքը, ինչու՞ է ընտրվել հենց Երևան քաղաքը և ի՞նչ ծառայություններ է հյուրանոցը մատուցում իր հյուրերին:

-Courtyard by Marriott ապրանքանիշը, ոգեշնչված լինելով գերազանցության ձգտմամբ, ունի ավելի քան 1285 ներկայացուցչություն աշխարհի 60 երկրներում, ինչը նրան շուկայում դարձնում է ամենամեծ և ամենանշանավոր ապրանքանիշերից մեկը: Courtyard by Marriott-ը ձգտում է ընդլայնել իր հյուրերի հնարավորություններն՝ ապահովելով նրանց կարիքների բավարարումը՝ անկախ նրանց ճանապարհորդության նպատակից: Այս հանձնառությունը տարածվում է որակյալ ծառայությունների և կացության տրամադրման սահմաններից դուրս՝ ընդգրկելով գործնական ճանապարհորդության բոլոր կողմերը: Օրինակ, բիզնես գործունեություն իրականացնելու կարիք ունեցող հյուրերի համար մենք առաջարկում ենք հատուկ տարածքներ, որտեղ իրենք կարող են ծավալել իրենց աշխատանքային գործունեությունը: Սա վկայում է Courtyard-ի փորձառության մասին: Մանրամասնորեն ու խորությամբ մտածված և ձևավորված մեր հյուրանոցային համարները՝ հագեցած շքեղ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով, ստեղծում են հանգստի և նոր լիցքեր ստանալու հարմարավետ միջավայր։ Հյուրերը իրենց կացության ընթացքում կարող են աշխատանքից հեշտությամբ անցում կատարել հանգստի՝ պահպանելով արդյունավետությունն ու առույգությունը։ Courtyard-ը նաև հպարտ է, որ Marriott International-ի Marriott Bonvoy® համաշխարհային լոյալության ծրագրի մի մասն է, որն իր անդամներին առաջարկում է մուտք գործել համաշխարհային ապրանքանիշերի և փորձառությունների բացառիկ պորտֆոլիո։

Հյուրանոցն ունի 172 համար՝ 2-րդ հարկից մինչև 9-րդ հարկ․ Հայաստանում ու այս տարածաշրջանում կառույցի առաջին հարկը հաճախ անվանում են հենց առաջին հարկ: Իններորդ հարկում մենք առաջարկում ենք Կառավարական Սուիթ տեսակի երկու սենյականոց համար՝ հիասքանչ տեսարանով դեպի լեռները: Յուրաքանչյուր հարկում առկա են նաև մեկ սենյականոց Սուիթ տեսակի համարներ, ինչպես նաև ստանդարտ և երկտեղանոց համարներ:

Ինչ վերաբերում է սննդին և խմիչքին, մենք առաջարկում ենք բազմաթիվ վայրեր, որտեղ հյուրերը կարող են հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ զբաղվել բիզնես գործունեությամբ: Մեր լոբբի բարը բաղկացած է երկու հատվածից՝ սովորական լոբբի բար, որտեղ հյուրերը կարող են վայելել խմորեղեն, ճաշել կամ ընթրել, և Կոկտեյլ բար, որը կատարյալ է ընկերների կամ բիզնես գործընկերների հետ երեկոյան հանդիպումների համար: Առաջին հարկում գտնվող GIA ռեստորանում նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի տարբերակով, որի ճաշացանկում կան միջերկրածովյան ուտեստներ: Մոտ ութսուն նստատեղերով ներսում և Տերյան փողոցին նայող ամբողջովին ծածկված պատշգամբում՝ նույնքան նստատեղերով, հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը գեղատեսիլ միջավայրում:

Բացի այդ, մենք առաջարկում ենք հանդիպումների չորս սենյակ, ներառյալ VIP նիստերի դահլիճ, որը հագեցած է տասը նստատեղով, կենտրոնական սեղանով և ինտերակտիվ հեռուստացույցով: Մնացած երեք հանդիպումների սենյակները բազմակողմանի են և կարող են միացվել ավելի մեծ տարածք ստեղծելու համար: Մեր բոլոր հանդիպումների սենյակները հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով՝ ներառյալ ինտերակտիվ 85 դյույմանոց հեռուստացույց՝ VIP նիստերի դահլիճում, որն ապահովում է անխափան և արդյունավետ հանդիպումներ մեր հյուրերի համար:

Երկրորդ հարկում մեր հուրերին տրամադրում ենք co-working տարածք՝ պահպանելով «Courtyard» ապրանքանիշի չափանիշները: Այստեղ հյուրերը կարող են հարմարավետորեն աշխատել՝ ունենալով հասանելիություն համակարգիչներին և բոլոր անհրաժեշտ սարքավորումներին։

Իններորդ հարկում հյուրերը կարող են այցելել մեր մարզադահլիճ և սպա սրահ: Մեր սպա սրահն ունի բուժման երեք սենյակ, որտեղ հյուրերը կարող են անցնել հանգստացնող և երիտասարդացնող թերապիա: Բացի այդ, մեր մարզասրահը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են լիարժեք մարզումների ընթացքը:

Ինչպես գիտեք, Հայաստանում՝ որպես «Մարիոթ»-ի ընտանիք, մենք արդեն ունենք երեք համալիր՝ «Ալեքսանդր լաքշրի քըլեքշն» հոթել, «Մարիոթ Երևան» և «Մարիոթ Ծաղկաձոր»։ Մենք սա դիտարկում ենք որպես նշանակալի ձեռքբերում ինչպես երկրի, այնպես էլ քաղաքի համար։ Այդ իսկ պատճառով որպես մեր նոր սեփականության գտնվելու վայր ընտրել ենք Երևանը։

Tomas_Vesely_Marriott_Interview_3.jpg (734 KB)

-Հաշվի առնելով այն փաստը, որ նոր հյուրանոցի հիմնումը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում՝ կցանկանայի խոսել նաև նոր աշխատակիցների ընտրության գործընթացի մասին, դրա համար սահմանվա՞ծ են արդյոք կոնկրետ չափանիշներ:

-Մենք փնտրում ենք եռանդուն մարդկանց, ովքեր ձգտում են սովորել և աճել: Կարևոր են արդյունավետ հաղորդակցման հմտությունները և մարդկանց հետ հուզականորեն շփվելու ունակությունը: Գնահատվում են ստեղծագործականությունն ու առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։ Մեր նպատակն է հավաքել թիմ, որը կարող է ապահովել բացառիկ միջավայր ինչպես մեր հյուրերի, այնպես էլ միմյանց համար: Բացի այդ, մեր գործունեության կարևոր կողմ է հանդիսանում նաև նրանց զբաղեցնելու ունակությունը:

Marriott International-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իր աշխատակիցներին հաջող կարիերա կառուցելու լայն հնարավորություններ առաջարկող ընկերություն: Հյուրանոցային բիզնեսում առկա են տարբեր պաշտոններ՝ խոհարարներից մինչև մաքրուհիներ: Նրանց համար, ովքեր ձգտում են սովորել և աճել, մենք տրամադրում ենք առաջխաղացման հնարավորություններ, ինչպիսիք են խաչաձև ուսուցումը, առցանց ուսուցումը և այլն: Կարիերայի ուղին կարող է ներառել տարբեր բաժիններ, երկրներ կամ նույնիսկ մայրցամաքներ: Մեր աշխատակիցները մեր ընկերության ապագայի անկյունաքարն են:

Tomas_Vesely_Marriott_Interview_4.jpg (757 KB)

-Պարոն Վեսելի, ի՞նչ նոր շունչ կհաղորդի Courtyard by Marriott հյուրանոցը Հայաստանի հյուրանոցային ոլորտին:

-Ինչպես արդեն նշեցի, մեր առաջնային ուշադրությունը մեր թիմն է։ Մենք պարտավորվում ենք զարգացնել մեր թիմը և ապահովել, որ բոլորին վերաբերվեն հոգատարությամբ և հարգանքով: Մեր նպատակն է մատուցել արտակարգ սպասարկում և փոխել հայաստանյան հյուրանոցների ընկալումը: Նմանատիպ մտածելակերպ ունենալով իմ հայրենի երկրում՝ Չեխիայի Հանրապետությունում, որտեղ հյուրանոցները միշտ չէ, որ ընդունված էին, մենք նպատակ ունենք այստեղ կոտրել այդ կարծրատիպը: Մեր հիմնական շեշտը դրված է տեղի համայնքին ներգրավելու և դրական հարաբերությունների զարգացման վրա:

Քանի որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս զբոսաշրջությանը, մեր նպատակն է հանդիսանալ հյուրանոցային լավագույն ընտրություն այս տարածաշրջանում աշխատանքի հնարավորություն փնտրող անհատների համար: Այնուամենայնիվ, մեր վերջնական նպատակը դուրս է գալիս զբոսաշրջիկների շրջանակներից․ մենք ձգտում ենք սիրելի վայր լինել նաև տեղացիների համար: Մեր տեսլականն է առաջարկել հրավիրող մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են ճաշել արդիական և ջերմ միջավայրում, բոլորը՝ հասանելի արժեքներով: Մենք ձգտում ենք լինել ավելին, քան պարզապես հյուրանոց. ցանկանում ենք լինել ուղենիշ, վայր, որտեղ բնակիչները հպարտությամբ բերում են իրենց ընկերներին և ընտանիքին՝ հատուկ առիթներ նշելու: Մենք հույս ունենք ստեղծել մնայուն հիշողություններ Երևանի այցելուների համար:

Ես հատկապես ոգևորված եմ կայունության նկատմամբ մեր հանձնառությամբ: Համաշխարհային բնապահպանական ջանքերի մաս լինելը մեզ համար առաջնահերթություն է: Մենք հասկանում ենք, որ բիզնեսները վճռորոշ դեր են խաղում աշխարհի ամենահրատապ սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մեր չափերով և ազդեցությամբ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ դրականորեն նպաստելու մոլորակի բարօրությանը: Մենք շարունակաբար ձգտում ենք օպտիմիզացնել մեր գործընթացները, որպեսզի դրանք լինեն ավելի կայուն, իսկ կայունությունը նոր հատկությունների ստեղծման հիմնական նկատառումն է: Կայունության նկատմամբ շոշափելի հավատարմություն ցուցաբերելը կարևոր է մեզ համար ոչ միայն մեր հյուրերի, հաճախորդների, անձնակազմի և բաժնետերերի, այլև այն համայնքների և միջավայրերի համար, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում: Այս հանձնառությունը մեր գործողություններում ակնհայտ կլինի նաև Երևանում։

2024.04.01_16.11.17.05.jpg (746 KB)

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում նոր հյուրանոցային համալիրի բացումը որքանո՞վ նշանակալից կլինի զբոսաշրջության համար։

-Միշտ դրական ցուցանիշ է, երբ նոր հյուրանոցներ են հիմնվում որևէ երկրում, քանի որ այն ընդլայնում է ճանապարհորդների համար հասանելի ընտրության շրջանակը: Զբոսաշրջության աճը խթանելու համար շատ կարևոր է զանազան տարբերակներ տրամադրել՝ բյուջեի, գտնվելու վայրի, դիզայնի և սննդի պատրաստման առումով: Նոր հյուրանոցների ավելացումը հակված է ավելի շատ այցելուներ գրավելու, հատկապես, երբ շուկա են մտնում հայտնի և հեղինակավոր ապրանքանիշեր, ինչպիսին է Marriott International-ը:

Մեր Marriott Bonvoy-ի անդամների համար, որոնց մենք գնահատում ենք որպես VIP-եր և համարում ենք մեր մեծ ընտանիքի մաս, ընտրության բազմազան տարբերակներ ունենալը կարևոր է: Այս ճկունությունն ամենամեծ առավելություններից մեկն է, որը մենք առաջարկում ենք մեր հավատարիմ անդամներին: Հայաստանն ակնհայտորեն զգալի ներդրումներ է կատարում՝ ողջունելու ճանապարհորդներին ամբողջ աշխարհից, և ես լավատես եմ, որ այս ջանքերը դրական արդյունքներ կտան՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի հսկայական ներուժը: Մշակույթի սիրահարներին գրավող իր հարուստ պատմությամբ, բնության հիասքանչ լանդշաֆտներով, հաճելի խոհանոցով և իր ժողովրդի ջերմ հյուրընկալությամբ, Հայաստանն իսկապես կատարյալ վայր է հանգստացողների համար:

-Պարոն Վեսելի, կարո՞ղ եք նշել Courtyard by Marriott հյուրանոցի երեք եզակի առանձնահատկությունները, որոնք այն առանձնացնում են ոլորտի մյուս ներկայացուցիչներից:

-Իմ երեք հիմնական կետերն են՝ թիմը, ծառայությունը և նվիրվածությունը բազմամշակութային և գենդերային հավասար միջավայրին:

Ինչպես Ջ.Վ. Մարիոթ Կրտսերը մեկ անգամ ասել է. «Դուք պետք է երջանկացնեք ձեր աշխատակիցներին: Եթե աշխատակիցները երջանիկ են, ապա նրանք կերջանկացնեն հաճախորդներին»:

Երկրորդը՝ ծառայությունն է, որը մարմնավորում է կիրքը, էներգիան և ոճը: Կրկին մեջբերելով պարոն Մարիոթին՝ նշեմ․ «Լավ սնունդ և լավ սպասարկում՝ արդար գնով»: Մենք հպարտ ենք, որ ուշադրություն ենք դարձնում մանրուքներին ամեն օր, ամեն առումով:

Եվ երրորդը, որի հեղինակը ես եմ՝ բազմամշակութային և գենդերային հավասար միջավայրն է։ Ես խորապես հավատում եմ, որ հաջողության ձգտող ցանկացած ընկերություն պետք է ստեղծի բազմազան և հավասարակշռված գենդերային միջավայր: Մենք սովորում և կրթվում ենք միմյանցից՝ դարձնելով դա մեր ոգու անբաժանելի մասը:

Tomas_Vesely_Marriott_Interview_1-1.jpg (700 KB)

-Եվ վերջին հարցը պարոն Վեսելի կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել ներդրումային ծրագրի արժեքի մասին:

-Ես չէի խորանա ներդրումների ֆինանսական հարցերի մեջ, բայց կարող եմ վստահեցնել, որ հսկայական ժամանակ, նվիրում և ռեսուրսներ են ծախսվել այս նախագծի վրա: Դա անթիվ ժամերի, օրերի և ամիսների ջանքերի արդյունքն է, որը պայմանավորված է որակի նկատմամբ մեր անսասան նվիրվածությամբ: Կահույքից մինչև դիզայն, մեր անձնակազմից մինչև սպասարկում, ամեն ինչ շատ դետալային է մշակված ու ոգևորվածությամբ: Որակը միշտ եղել է մեր առաջնահերթությունը՝ անկախ ներգրավված ներդրումներից:

Վստահ եղե՛ք, մենք լիովին հավատարիմ ենք գերազանցություն մատուցելուն, և ես վստահ եմ, որ կգերազանցենք սպասելիքները:

-Պարոն Վեսելի, շնորհակալ եմ այս հնարավորության և բովանդակային հարցազրույցի համար։

Դավիթ Մամյան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում